ՄԱԿ-ի ԱԽ-ն պատրաստելու է մամլո հաղորդագրություն․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը ասյօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագորղների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ քննարկման ժամանակ ադրբեջանական կողմի այն հայտարարությանը, թե միջանցքի փակման համար շահագրգռված են երրորդ երկրները։

«Նկատիր ունի Ռուսաստանին։ Դա ադրբեջանական կեղծ պրոպագանդիստական թեզ է, որը նրանք օգտագործում են տարբեր հարթակներում։ Այս դեպքում ՄԱԿ-ի ԱԽ-ում էր դա ասվում, երևի դրա համար ուղիղ չասեցին, որ Ռուսաստանին են մեղադրում, այլ հարթակներում նրանք դա բացեիբաց ասում են, բայց դա բնականաբար չի համապատասխանում իրականությանը, և Լաչինի միջանցքն ապօրինաբար արգելափակել են ադրբեջանցիները»,-նշեց Ռուբինյանը։

Նա նշեց, որ պետք է փորձել՝ մեծացնել միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա։

«Երեկվա նիստից ակնհայտ դարձավ, որ այդ ճնշումն իրապես մեծացել է և մեծանում է, որովհետև Լեռնային Ղարաբաղն ինքնին և ԼՂ հիմնախնդիրը կրկին միջազգայնանում է և դա հենց Ադրբեջանի ապօրինի քայլերի արդյունքն է։ Տեսանք, որ բոլոր երկրների ներկայացուցիչներն օգտագործում էին «Լեռնային Ղարաբաղ» անվանումն ի հեճուկս Ադրբեջանի պնդումների, բոլորը ֆիքսում էին նոյեմբերի 9-ի հայտարարության կարևորությունը, և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»,-ասաց պատգամավորը։

Ռուբինյանը նշեց, որ ըստ իր տեղեկությունների՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Լաչինի միջանցքի փակման թեմայով քննարկումներից հետո պատրաստելու է մամլո հաղորդագրություն։

«Մի՛ հասկացեք որպես սովորական մամլո հաղորդագրություն, դա մի տեքստ է, որը կարող է ընդունվել միայն կոնսենսուսով։ Սպասենք, տեսնենք և ըստ այդմ մեր հետագա քայլերը պարզ կդառնան»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել