Ավելի քան հարյուր տարի առաջ այս օրն ամրագրվեց որպես անտեսանելի ճակատի մարտիկների մասնագիտական տոն:
Այս մասին հայտարարություն է տարածել «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն։
Իրենց կյանքը երկրի անվտանգության խնդիրներին նվիրաբերած մարդկանց մեր համախումբը եղել է, կա ու կլինի հայրենիքի նվիրյալ զինվորը, սեփական կյանքի գնով նրա պաշտպանը: Սա խաչ է, որը մեզանից յուրաքանչյուրը կրում է, պիտի կրի անմնացորդ նվիրվածությամբ ու պատվով:
Համակարգը տասնամյակներ շարունակ զորեղ է եղել իր ավանդույթներով, գրված ու չգրված մարդկային օրենքների դավանումով, որոնց պահպանումը նույնպես սրբազնագույն պարտք է:
Ցավոք վերջին շրջանում արձանագրվում են այս անխախտ սկզբունքներից նահանջ, մարդկային դեմքի կորուստ, պատեհապաշտության դրսևորումներ: Սրանք հատուկ ծառայության աշխատակիցների (չեկիստների) կերպարի հետ չներդաշնակվող որակներ են, որոնք ընդհանրության եզրեր չեն կարող ունենալ հայրենիքի նվիրյալի բարոյական կերպարին, մարդկային նկարագրին:
Համակարգի ներկայացուցչի աշխատանքը պետք է անվերապահորեն նվիրված լինի երկրի սուվերենության պահպանմանն ու ամրապնդմանը, որոնց կորստյան ռիսկը հատկապես մեծ է մեր այս օրերում:
Ծառայության առանցքը չպետք է լինի իշխանության շահերին ծառայելը, քանի որ իշխանությունները ժամանակավոր են, փոփոխվող, իրենց գործունեության հետևանքով կարող են թողնել փլատակներ, որոնց վերականգնումը պահանջելու է հսկայան ջանքեր, դառնալու է համազգային խնդիր:
Ազգային անվտանգության ծառայությունը կոչված է բացառապես պաշտպանելու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության, ինչպես նաև մեր դաշնակից երկրների անվտանգային շահերը:
Մենք շնորհավորում ենք համակարգի մասնագիտական ու մարդկային որակներին անդավաճան մնացած բոլոր աշխատակիցների տոնը: