Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը։
Օրենքն ընդունվեց 69 «կողմ», 28 «դեմ», 0 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախագծի ներկայացման ժամանակ հայտարարել է, որ ծառայությունը կլինի վարչապետին ենթակա մարմին։
«Արտաքին հետախուզական ծառայության ստեղծմամբ նախատեսվում է Հայաստանում ձևավորել հետախուզական համայնք ու այդ համայնքում կարևոր դերակատրություն է ունենալու արտաքին հետախուզական ծառայությունը», – նշել էր նա։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թե՛ Պաշտպանության նախարարությունում, թե՛ Ազգային անվտանգության ծառայությունում գոյություն ունեն համանման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ, որոնցում ծառայությունը հանդիսանում է զինվորական ծառայություն, առկա է քաղաքական որոշում՝ ստեղծել պետական ծառայության նոր տեսակ, որը չի հանդիսանա զինվորական ծառայություն: Դրանով հնարավորություն կստեղծվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով ու արհեստավարժությամբ կնպաստեն Արտաքին հետախուզության ծառայության կայացմանը», – նշել է ԱԽ քարտուղարը։
Արտաքին հետախուզական ծառայության պետը կդառնա Անվտանգության խորհրդի անդամ։