Չեմ կարող բացառել պայմանավորվածությունները Ադրբեջանի և Արևմուտքի միջև․ ադրբեջանագետ

Ես սկզբունքորեն չեմ կարող բացառել ռուս-ադրբեջանա-թուրքական որևէ պայմանավորվածություն կամ գործարք այս իրավիճակում, չեմ կարող նաև բացառել պայմանավորվածությունները Ադրբեջանի և Արևմուտքի միջև: Այս մասին հայտնում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Ես չեմ կարող բացառել, քանի որ չունեմ ամբողջական տեղեկատվություն, իսկ իմ վերլուծությունները միշտ կառուցում եմ փաստերի վրա: Այդուհանդերձ, ես մի հստակ բան գիտեմ, երբ մեր դաշտում հակառուսական հայացքների տեր մարդիկ քարոզում են, որ սա Ռուսաստանն է արել կամ էլ հակաարևմտյան հայացքներ ունեցողներն ասում, որ սա Արևմուտքն է անում, երկուսն էլ կամա թե ակամա օգնում են Ադրբեջանին:

Այսօր մեր գերխնդիրը պետք է լինի Ադրբեջանին որպես ահաբեկչական ու ռասիստական պետություն ներկայացնելը, իսկ դրա համար նրանք այնքան հիմքեր են տալիս: Երբ մենք շեղում ենք սլաքների ուղղությունն այլոց վրա, դրանով ստացվում է, որ Ադրբեջանը կապ չունի, մեր կռիվն այլոց հետ է:

Ադրբեջանն էլ է ասում ռուսական կողմն է ճանապարհը փակել, մեզ մոտ էլ են ոմանք այդ թեզը շրջանառում: Ես հասկանում եմ և ընդունում, որ ըստ մեզ՝ ցանկացողները՝ Ռուսաստանը և/կամ Արևմուտքը, կարող էին մեկ զանգով հարկադրել Ալիևին բացել այս ճանապարհը: Եվ անգործությունը բազմաթիվ արդարացի հարցերի տեղիք է տալիս, բայց վերլուծությունը պետք է լինի փաստական և տրամաբանված, իսկ երբ այն կառուցվում է անձնական նախասիրությունների հիման վրա, դա սկսում է օգնել միմիայն մեր հակառակորդներին և նրանց քարոզչադաշտին:

Ես դա ասում եմ, քանի որ տեսնում եմ, թե որքան կազմակերպված ձևով նրանք մեր ներքին դիսկուրսը ծառայեցնում են իրենց օգտին»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել