Երևանի կենտրոնում Արցախի մշակույթի կենտրոնների 18 սաները համերգով իրենց երախտագիտությունն են հայտնում համայն հայությանը, մեր բոլոր բարեկամներին, իրենց, այս ծանր օրերին ուշադրությամբ ու հոգատարությամբ պարուրած մեր թանկագին հայրենակիցներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Այս փոքրիկների ձայնը պիտի լսելի լինի բոլորի համար: Բեմում իմ տաղանդաշատ աշակերտն է՝ Արմանը, ում «ստիպում եմ» մաթեմատիկա սովորել ու այսօր առաջին անգամ լսեցի ու տեսա նրան իրականում: Արման ջա՜ն, դու միայն թե արի, թող միայն թե դասապրոցեսը վերսկսվի, քեզ այլևս չեմ «ստիպելու»…Բեմում որդիս է, մեր բոլորի հրաշամանուկները, իրենք աշխարհի բոլոր մանուկներից տարբեր են, իրենք երկու պատերազմ են տեսել, իրենք ամենաշատն են երազում արժանապատիվ խաղաղության մասին…Տեսանյութում արցունքները մաքրող կինը Անահիտ Գաբուզյանն է, խմբի ղեկավարը, ով այս օրերին 18 երեխայի մայր չէ, այլ 18 տեսակի մայր… Այս երեխաներին մանկություն պարտք մնացինք, Հայրենիք ու արժանապատիվ ապագա ենք պարտք մնացել…»,-նշել է նա։