Առանց որևէ նախապայմանների, առանց հայկական կողմից որևէ թուլություն ցույց տալու՝ Ադրբեջանը վերականգնել է Արցախում գազամատակարարումը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
«Դա իսկապես մեր հաղթանակն է, որովհետև մենք ցույց տվեցինք, որ մենք ուժեղ ենք, չենք ընկճվելու, խուճապի մեջ ընկնելու, մենք ցույց տվեցինք, որ մենք իսկապես ունենք ուժ ու կամք, անելու ենք այն, ինչ պետք է մեր համար, մեր կյանքի, ապագայի համար։
Նույն ձևով ասեմ, որ կարող է այսօրվա ընթացքում ճանապարհը բացվի։ Դա իրենց որոշումն է, դա իրենք են որոշել, որովհետև զգացել են, որ ինչ ծավալի, ինչ սխալ են արել, որովհետև և՛ այստեղ ներսում, և՛ դրսում, իրենք ընկել են մեծ ճնշման տակ»,-ասաց Արցախի պետնախարարը։
Նրա խոսքով՝ արդեն շուրջ 96 ժամ է, ինչ Արցախը արգելափակման մեջ է գտնվում ու պետք է այս փորձը լավ ուսումնասիրել։
Ռուբեն Վարդանյանը նաև հայտնեց, որ այս 4 օրվա ընթացքում Օպերատիվ շտաբը մեծ աշխատանք է կատարել։ Դրան հակառակ, եղել են մարդիկ, որոնք փորձել են չենթարկվել սահմանված կարգերին։ «Ոչ թե միայն օրենքով ենք պատժելու, այլ հայտարարելու ենք նաև այն մարդկանց անունները, որոնք փորձել են բենզինը ծախել, գները բարձրացնել դեղատներում, զանգերի բաժնում աշխատող կանանց կոպիտ ու ոչ իրական ինֆորմացիա տալ»,-նշեց նա՝ ընդգծելով, որ հասարակության մեջ պետք է ձևավորվի այն միջավայրը, որ դա ամոթ է, կարևորը անձի անունը, հարգանքն է հասարակությունում։
Արցախի պետնախարարը վաղը՝ դեկտեմբերի 17-ին հանրահավաք է հրավիրել Ստեփանակերտում, ժամը 15։00-ին։ «Կոչ եմ անում բոլորին մասնակցել այդ հանրահավաքին, որ ցույց տանք մեր ուժը, միասնությունը, որ մենք միասին ենք, ուժ ենք, որովհետև արցախցին իսկապես մեծ ուժ է»,-ասաց Վարդանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
—————
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։