Ներկայացրել եմ նաև հակամարդկային գործողությունը․ Գևորգ Պապոյան

Որպես ՀՀ խորհրդարանի Հայաստանի-Իրան բարեկամական խմբի ղեկավար, նամակ եմ ուղարկել Իրանի խորհրդարանի գործընկերոջս՝ Սեյեդ Մեհդի Ֆարշադանին՝ կապված այն հանգամանքի հետ, որ Ադրբեջանը ապօրինի կերպով արգելափակել է Հայաստանը ԼՂ-ին կապող Լաչինի միջանցքը՝ շուրջ 120 հազար մարդու փաստացի հայտնեցնելով պատանդի կարգավիճակում։

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Ներկայացրել եմ նաև հակամարդկային գործողությունը, որով Ադրբեջանը փակել է ԼՂ-ն բնական գազով ապահովող խողովակի փականը՝ զրկելով շուրջ 22 հազար երեխայի ջերմությունից և կրթության իրավունքից»,-նշել է նա։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել