Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ

Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել մի շարք միջազգային կազմակերպություններ և ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Դեկտեմբերի 14-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանը գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան` Անդրեա Վիկտորինին, ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Քրիստինե Վայգանդին, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիական Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Ավստրալիական Միության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության, Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության դեսպաններին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների։

Նամակներում ներկայացվել է Արցախում ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը փակելու և Հայաստանից Արցախ բնական գազի մատակարարումն ընդհատելու պատճառով։

Փաստաթղթերում Ադրբեջանի քաղաքականությունն ու գործողությունները որակվել են որպես միջազգային իրավունքի, միջազգային մարդասիրական իրավունքի և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում։

Կոչ է արվել կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու, սանձարձակ գործողությունները կասեցնելու և Արցախը ապաշրջափակելու համար։

Ընդգծվել է Ադրբեջանի պահվածքին անհրաժեշտ գնահատական տալու անհրաժեշտությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել