ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կատարված տարաբնույթ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն, նախապես տեղյակ լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել Իջևանի նախկին քաղաքային գործկոմի ենթակայության տակ գտնվող շինվերանորոգման վարչության տարածքը, հնարավորություն ունենալով այն անհատույց տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մինչ վերջինիս կողմից համապատասխան ընթացակարգով համայնքին դիմում ներկայացնելը, 2013-2014թթ. ընթացքում շահադիտական նպատակով նշված տարածքը բաժանել է 4 մասի և օտարել իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց։ Վերջիններս հետագայում դրանք անհամեմատ բարձր արժեքներով վաճառել են ՀՀ ՊՆ-ին:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2007թ. հոկտեմբերի 15-ին Իջևան համայնքի ավագանու նախկին անդամը նույն համայնքի կողմից հայտարարված մրցույթում աճուրդի արդյունքներով ճանաչվել է հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 55.700 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է համայնքի Արցախյան 144/10 հասցեի 0,2969 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով վերջինիս տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Պարզվել է, որ աճուրդի անցկացման ժամանակ թույլ տրված չարաշահումների արդյունքում համայնքի ավագանու նախկին անդամը ճանաչվել է հաղթող: 2013թ. հուլիսի 10-ին տարածքը վերջինիս վաճառվել է 3.687.000 ՀՀ դրամով, որը 2013թ. օգոստոսի 29-ին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 45.000.000 ՀՀ դրամով:
2007թ. մայիսի 2-ին Իջևանի քաղաքապետի մտերիմը, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվելով հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 48.750 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144 հասցեի 0,2599 հա մակերեսով հողամասը: 2013թ. դեկտեմբերին նշված հողամասը 3.227.958 ՀՀ դրամով վաճառվել է Իջևանի քաղաքապետի այդ մտերիմին, որը 2014թ. հունիսին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 38.470.000 ՀՀ դրամով:
Բացի այդ, 2006թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի նախկին մարզպետի վարորդի որդին, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվել է հաղթող։ Վերջինս Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 42.225 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144/4 հասցեի 0,2815 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով նրան տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Վերջինս հիշյալ տարածքում ունեցել է գաջի արտադրամաս: 2014թ. մայիսին նշված անձը գնել է հիշյալ հողատարածքը 3.496.230 ՀՀ դրամով, սակայն հողատարածքը ՀՀ ՊՆ-ին չի վաճառել՝ գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով:
2013 թվականի դեկտեմբերի 27-ին Իջևանի քաղաքապետարանում անցկացվել է կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Իջևանի նախկին քաղաքապետի կնոջ եղբայրը: 2014թ. ապրիլի 25-ին նրան տրվել է Արցախյան փողոցի 144/5 հասցեի 7977 քմ հողամասի կառուցապատման իրավունք: Վերջինս հիշյալ հողատարածքը վարձակալել է տարեկան 331.632 ՀՀ դրամ վճարով: Այնուհետև՝ 2015թ. սեպտեմբերին հիշյալ հողատարածքի և դրա վրա առկա շինության կառուցապատման իրավունքը վաճառել է ՀՀ ՊՆ-ին` 63.000.000 ՀՀ դրամ գումարով:
Պարզվել է նաև, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերը նշված հողատարածքները ՀՀ կառավարության 21.03.2013թ. թիվ 246-Ն և 19.09.2013թ. թիվ 1022-Ն որոշումներով հանվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ չմասնավորեցվող հողերի կազմից։ Սակայն հիշյալ որոշումների ընդունման համար Իջևանի համայնքապետարանից կառավարություն են ներկայացվել իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներ:
Նշված փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: