Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկների միանվագ դրամական մրցանակի չափը կկրկնապատկվի

Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող միանվագ գումարը կկրկնապատկվի:
Որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 15-ին կայացած նիստում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը: Մինչ հարցի զեկուցումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

2022 թվականին Եվրոպայի և աշխարհի առաջնություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարզիկները ցուցաբերել են աննախադեպ բարձր արդյունք: Դեկտեմբերի 6-ի դրությամբ՝ մեր մարզիկներն արդեն նվաճել էին 298 մեդալ, որից 103-ը՝ ոսկե, 69-ը՝ արծաթե, 126-ը՝ բրոնզե: Այժմ արդեն մեդալների թիվը հատել է 303-ի սահմանագիծը, որն աննախադեպ ցուցանիշ է, քանի որ մինչ այդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2019 թվականին՝ 222 մեդալ:

Որոշմամբ նախատեսվում է օլիմպիական, պարալիմպիկ, սուրդօլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված, ինչպես նաև ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտի, շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի միջազգային առաջնություններում, աշխարհի և Եվրոպայի խաղերում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկներին, հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին և ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին շնորհվող դրամական մրցանակների չափը կրկնապատկել: Որոշումը տարածվում է նաև հաշմանդամային սպորտով զբաղվողների վրա:

Աշխարհի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 10 մլն, 7 մլն և 4 մլն դրամ մրցանակ՝ մինչ այս տրվող 5 մլն, 3,5 մլն և 2 մլն դրամ մրցանակի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի գլխավոր մարզիչները և մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները կստանան համապատասխանաբար 5 մլն, 3,5 մլն և 2 մլն դրամ՝ նախկին 2,5 մլն, 1,75 մլն և 1 մլն դրամի փոխարեն: Ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչները կստանան համապատասխանաբար 2 մլն, 1,4 մլն և 800 հազար դրամ:

Եվրոպայի առաջնություններում 1-3-րդ տեղեր գրաված մարզիկները կստանան համապատասխանաբար 6 մլն, 3,6 մլն և 2,4 մլն դրամ՝ նախկին 3 մլն, 1,8 մլն և 1,2 մլն դրամի փոխարեն: Կավելացվի նաև Եվրոպայի առաջությունների մարզիչների, հավաքական թիմերի երկրորդ մարզիչների և մեդալ նվաճած մարզիկների անձնական մարզիչների դրամական մրցանակի չափը:

Վերոնշյալ դրամական մրցանակները ներառում են օրենքով սահմանված հարկերը և տուրքերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ բարձր նվաճումներ ունեցող մարզիկների դրամական մրցանակների կրկնապատկման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ 2022 թվականի բյուջեում կատարվել է 557 մլն 630 հազար դրամի վերաբաշխում: Մինչ այդ՝ նույն նպատակի համար նախատեսվել էր մոտ 150 մլն դրամ գումար: Վերաբաշխման արդյունքում ՀՀ մարզական պատիվը բարձր պահած մարզիկների և մարզիչների խրախուսման մրցանակային ընդհանուր ֆոնդը կկազմի 707 մլն 630 հազար դրամ: Նախարարը նաև տեղեկացրել է, որ ծրագրի շուրջ 170 շահառուի անվանացանկն առաջիկայում կհաստատվի:

Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ՝ գործադիրն այսօր չզեկուցող հարցերի փաթեթում ներառել է նաև «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգևատրման ֆոնդի ավելացման հարցը: Ըստ այդմ՝ տարվա լավագույն մարզիկներին տրվող մրցանակները կավելանան հարկերի չափով՝ յուրաքանչյուրին կտրվի 6 մլն 330 հազար դրամ գումար՝ ներառյալ հարկերն ու տուրքերը, ինչը նշանակում է, որ օրենքով սահմանված պահումներից հետո յուրաքանչյուր մարզիկ կստանա 5 մլն դրամ:

Ամփոփելով հարցը՝ վարչապետը նշել է, որ սպորտի ոլորտում արձանագրված հաջողություններին նպաստել է պետական քաղաքականությունը, որը լինելու շարունակական: Հայաստանի՝ մինչև 2050 թվականի զարգացման տեսլականում ամրագրված է 258 օլիմպիական մեդալ նվաճելու հավակնոտ նպատակը, և ձեռնարկվող քայլերը համահունչ են նշված թիրախին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել