«Անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկումն անհրաժեշտություն է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդարձակ հոդվածով անդրադարձել է ադրբեջանցիների կողմից բնապահպանական ակցիայի անվան տակ Լաչինի միջանցքը փակելուց հետո ստեղծված իրավիճակին, Արցախի բնակչության համար անվտանգային գոյաբանական ռիսկերին, ելքերի հնարավոր ուղիներին:

Ներկայացնում ենք Մնացականյանի հոդվածն ամբողջությամբ.

«Պահը օրհասական է. նորից և նորից քննության է ենթարկվում մեր դիմադրության ներուժը: Մեր առջև կանգնած մարտահրավերները բազմաշերտ են և բազմաբնույթ:

Դրանցից առաջնայինն Արցախի մեր հայրենակիցների համար առաջացած հումանիտար աղետի անմիջական վտանգն է: Բացի այդ, ավելի տևական բնույթի մարտահրավեր են Արցախի բնակչության համար շարունակական անվտանգային սրացած գոյաբանական ռիսկերը: Մյուս բաղադրիչը Արցախի կարգավիճակին առնչվող ռիսկն է:

Հայաստանի մասով անմիջական մարտահրավեր են իր սուվերեն տարածքի շարունակվող բռնազավթումը, նաև Ադրբեջանում տևական ժամանակ պահվող ռազմագերիները: Բացի այդ, սուվերենության հանդեպ լուրջ վտանգ են հանդիսանում Սյունիքի հարավում մեր տարածքների հանդեպ նկրտումները: Մեր տարածաշրջանում շարունակական բնույթ են կրում և ներկայումս էլ ավելի սուր արտահայտություն են ստացել տարածաշրջանային և արտատարածաշրջանային հակասական շահերի բախման երևույթները: Այն, ինչ կատարվում է մեր տարածաշրջանում, ուղղակիորեն փոխկապակցված է միջազգային ասպարեզում խորը ճգնաժամի և միջազգային համակարգերի տեկտոնիկ բնույթի փոփոխությունների հետ:

Ռացիոնալ, ողջամիտ և կենսական շահ է հանդիսանում տարածաշրջանում ու Հայաստանի շուրջ տևական խաղաղության ու համագործակցության միջավայրի ապահովումը: Բնական է՝ պետք է հստակ արձանագրվի, որ չի կարող լինել խաղաղություն մեր կենսական շահերի հաշվին: Լուրջ մարտահրավեր է այդ առումով ներկայիս խիստ հակասական շահերի համադրումը:

Միևնույն ժամանակ, հայ հասարակությունը բախվում է ներքին պառակտումների և այլ հակասական ու բացասական երևույթների՝ տեղ տալով բարձր էմոցիոնալ ֆոնին: Դժբախտաբար, առկա են նաև անտարբերության երևույթներ և ռացիոնալիզմի պակաս: Արդյունքում ստորադասում ենք պետական շահի գերակայությունները:

Բացի այդ, հայկական աշխարհը ներկայացված է տարբեր ձևաչափերում, որից առաջնայինը սուվերեն պետության շրջանակն է՝ օժտված սուվերենության ու միջազգային հարաբերություններում ներգրավվելու ու գործելու ողջ գործիքակազմով: Այդ առումով, գերակա ու առաջնորդության դերը հենց Հայաստանի Հանրապետությանն է պատկանում:

Միևնույն ժամանակ, Արցախը նույնպես քաղաքական միավոր է, այդ թվում՝ միջազգային հարաբերությունների ենթատեքստում, սակայն սահմանափակ ռեսուրսով, ինչի պատճառը, բնականաբար սահմանափակ ստատուսն է, ինչը զրկում է նրան սուվերեն գործիքակազմի լիարժեք օգտագործումից:

Հայկական աշխարհը ներկայացված է նաև աշխարհասփյուռ հայությամբ, որը սակայն պետք չէ դիտարկել որպես մեկ միասնական միավոր: Այն բազմազան է ու բազմաշերտ: Նրանց ընդհանուր հայտարարը այլ պետությունների քաղաքացի լինելու և միաժամանակ հայկական ինքնությունը անհատական, հավաքական, կրթական, կրոնական և այլ ինստիտուցիոնալ միջոցներով պահպանելու մեջ է:

Որպես սուվերեն միավոր միջազգային հարաբերություններում՝ Հայաստանի ներկայիս առաջնահերթությունը հետևյալ օրհասական մարտահրավերներին դիմագրավելն է:

Այսօրվա դրությամբ առաջին հերթին դա վերաբերում է Արցախի բնակչության գոյաբանական ռիսկի վերացմանը: Այդ առումով, առաջին անհրաժեշտ գրավականը ներքին դիմադրության, ներքին ռեսուրսի մոբիլիզացման և էմոցիոնալ զսպվածության մակարդակի պահպանումն է: Սա պահանջում է անհատական և հավաքական պատասխանատվություն և քաղաքական առաջնորդում, անկախ նրանից, թե ով է իշխանություն, ով` ընդդիմություն: Հասարակությունը կարիք ունի այլ բովանդակության խոսույթի:

Մյուս գերակա բաղադրիչը բացարձակապես հայկական շահի վրա հիմնված քաղաքականության իրականացումն է: Դա ենթադրում է տարբեր հակառակորդների ու գործընկերների հետ առնչություններում հայկական գերակայությունների կայուն պահպանում և հստակություն, հաշվարկների մեջ շահերի համադրումների և անհամադրելիության կառավարման ապահովում:

Ներկայիս դրությամբ գերակա է Արցախի բնակչության գոյաբանական ռիսկերի հանդեպ միջազգային իրազեկման բարձրացումը: Դա անհրաժեշտ է համապատասխան միջավայր ձևավորելու համար, որից պետք է բխեն գործնական քայլեր՝ իրավիճակի վրա արդյունավետորեն ազդելու և սպառնալիքները վերացնելու նպատակով: Սա առաջին հերթին Հայաստանի գործառույթն է: Պետք է հստակ գիտակցել, որ որպես սուվերեն պետություն, Հայաստանի թիրախն ու առաջին հասցեատերը համապատասխան պետությունների որոշում ընդունողների մակարդակն է, հենց ամենաբարձր մակարդակը:

Ելնելով իրողություններից, ողջամիտ, ռացիոնալ առաջին հասցեատերը այն պետությունն է, որ ներկայումս իրականացնում է խաղաղապահության գործառույթը: Սակայն դրանով չենք կարող սահմանափակվել, քանզի չենք կարող սահմանափակել մեր գործողությունների շրջանակը: Ողջունելի է, որ արդեն ստացել ենք որոշ մայրաքաղաքների հասցեական արտահայտմամբ դիրքորոշումները: Սրա շրջանակը անհրաժեշտ է հետևողականորեն ընդլայնել:

Հաջորդը, սուվերեն գործիք է միջազգային ատյանների օգտագործումը: Այդ առումով, ՄԱԿ Անվտանգության խորհուրդը, որը պայմանականորեն ասենք, ներկայիս իրողություններում բարձրագույն մարմին է, հանդիսանում է առաջնային թիրախ: Բացի այդ, ՄԱԿ-ի շրջանակներում առկա են տարբեր այլ համապատասխան հարթակներ, ներառյալ համապատասխան գործակալություններ կամ հատուկ ընթացակարգեր, որոնց մանդատներն առնչվում են Արցախում ստեղծված իրավիճակին: Սա նույնպես պետք է գործադրվի: Ի դեպ, ՄԱԿ Գլխավոր քարտուղարին չի կարելի թույլ տալ լուռ մնալ: Բացի այդ, նույն գործառույթներն անհրաժեշտ է գործարկել այլ միջազգային և տարածաշրջանային հարթակներում: Այս գործառույթները անհրաժեշտ են, ամենից բացի, նաև Արցախում միջազգային ներկայության, այսպես ասած՝ տեղում միջազգային աչքերի ու ականջների ապահովման տեսանկյունից:

Արցախում հումանիտար աղետի խորացումը, էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների խորացող վտանգը առաջ են բերում «անջատում հանուն փրկության» հայեցակարգի ագրեսիվ գործարկման անհրաժեշտությունը: Սա, կարծում եմ, պետք է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում պահել:

Գործողությունների ու քայլերի կարևոր թիրախ է միջազգային հանրային կարծիքի ձևավորման և ուշադրություն գրավելու հրամայականը: Այստեղ ևս անհրաժեշտ է արդեն ավելի ընդարձակ ռեսուրսի օգտագործում, ներառյալ ոչ կառավարական ու լրատվական ռեսուրսն ու սփյուռքահայությունը: Թիրախային են առաջին հերթին լայն սփռվածության միջազգային լրատվական գործակալություններն և բոլոր այլ ազդեցիկ հարթակները: Անհրաժեշտ գործառույթ է նաև Արցախի ներկայացուցիչներին` թե ղեկավարությանը, թե` քաղաքացիներին ակտիվորեն պլատֆորմի տրամադրումը միջազգային հանրային դաշտում:

Միգուցե տարբեր երկրների հետ շահերի համադրման հարցում մեր ռեսուրսը ավելի նվազ է (ինչպիսին է մեր տարածաշրջանում նավթագազային գործոնը), սակայն սուվերեն գործիքակազմը մեզ զինում է անհրաժեշտ քաղաքական, իրավական և այլ միջոցներով, որը ակտիվ ու ագրեսիվ գործարկման կարիք ունի անմիջապես: Միևնույն ժամանակ, առանց որևէ էմոցիոնալ պոռթկումների, անհրաժեշտ է նաև մոբիլիզացված պահել դիմադրության և ինքնապաշտպանության մեր կարողությունները:

Այս գործառույթներն իրականացնելիս չափազանց կարևոր է պահպանել մշակված միասնական դիրքորոշումներ ու խոսույթ, որից շեղումները անհրաժեշտ է բացառել: Ի դեպ, քիչ, բայց թիրախային ու մշակված լեզվով խոսելը անհրաժեշտ է, ոչ թե ցանկալի: Հայկական գերակա շահերը պետք է հստակ ներկայացվեն և դրանցից որևէ մեկից որևէ օղակում շեղում չպետք է լինի, հատկապես հանրային խոսքում:

Արցախյան բլոկի հաջորդ գերակա մարտահրավերը վերջինիս կայուն անվտանգության և դրանից բխող ստատուսի, այսինքն՝ ինքնորոշման իրավունքի իրագործման կամ վերագործարկման հարցն է: Ստեփանակերտ-Բաքու երկխոսության հարթակն այդ առումով բնական ճանապարհ է խաղաղ հանգուցալուծման համար, սակայն բնականաբար` ոչ երաշխավորված: Այս առումով միջազգային մեխանիզմի առկայությունն անխուսափելի նպատակ է: Միևնույն ժամանակ, բոլոր դեպքերում Հայաստանն է, որ մնում է լիարժեք սուվերեն գործիքակազմին տիրապետողը, և հետևաբար չի կարող այս գործընթացից դուրս մնալ: Որևէ որոշակիություն այս հարցում դեռևս տեսանելի չէ, քանզի ներկայիս պայմաններում առաջնային խնդիրն ընդհանրապես նման գործընթացի ինչ-որ ձևի մեկնարկման ապահովումն է»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել