ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի ծառայության պետի պաշտոնակատար Լիլիթ Շաբոյանը՝ նշելով, որ նրա լիազորությունները դադարել են։

«Ստեփան Միքայելյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդում այսօրվանից դադարել են՝ իր դիմումի համաձայն: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ Ս. Միքայելյանը կշարունակի պաշտոնավարումը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում»,-նշել է նա։

Նշենք, որ Ստեփանյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 2020 թվականի հուլիսի 31-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից։

2018 թվականի ապրիլի 5-ից աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրավիրված ասուլիսում հրապարակել էր ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրություն: Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին. զրուցում են ինքը, Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ արդեն նախկին անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Ստեփան Միքայելյանը։ Պարզաբանելով հրապարակածը՝ Վարդազարյանը հայտարարել էր, թե իրեն առաջարկվել է հրաժարական տալ՝ երաշխավորելով, որ քրեական հետապնդում չի լինի, ինքը մինչև մարտի 1-ը ժամանակ էր խնդրել:

Դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն կարճել Է Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց զրույցի մասով հարուցված քրեական վարույթը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել