Քրեակատարողական հիմնարկներում կստեղծվի նոր՝ Անվտանգային կառավարման ստորաբաժանում․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Քրեակատարողական ծառայության մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ  նախագիծը։

Անհրաժեշտություն է առաջացել քրեակատարողական հիմնարկներում ստեղծել նոր՝ Անվտանգային կառավարման ստորաբաժանում, որն իր մեջ կներառի հիշյալ երկու ստորաբաժանումների գործառույթները, ինչը նաև հնարավորություն կտա նոր ստեղծված ստորաբաժանման ծառայողների ուժերն արդյունավետ օգտագործել ըստ անհրաժեշտության՝ թե արտաքին պահպանության և թե քրեակատարողական հիմնարկի ներսում անվտանգության ապահովման խնդիրներն իրականացնելիս։

«Քրեակատարողական ծառայության՝ որպես հանրային ծառայության տեսակի պատշաճ կազմակերպման և ծառայության գրավչության բարձրացման գործում անկյունաքարային նշանակություն ունի քրեակատարողական ծառայության անցնելու և ծառայությունը շարունակելու համար սոցիալական երաշխիքներ և լրացուցիչ խթաններ նախատեսող կառուցակարգերի նախատեսումը:

Միաժամանակ, հաշվի առնելով քրեակատարողական ծառայողների՝ իրենց գործառույթներով (որոնց թվում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժների կատարումը, անձնանց կալանքի տակ պահելը, քրեակատարողական հիմնարկների պահպանությունը, դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը, քրեակատարողական հիմնարկներում ապահովում է օրինականության և անվտանգության ապահովումը) պայմանավորված կատարվող աշխատանքի բնույթը և դժվարությունը, դրա սոցիալական կարևորությունը՝ առավել ցայտուն կերպով է ընդգծվում ծառայողների համար արժանի վարձատրության և սոցիալական երաշխիքների նախատեսման անհրաժեշտությունը: Ընդ որում կարևորվում է ծառայողներին՝ իրենց ունեցած մասնագիտական գիտելիքների և կարողությունների բավարար մակարդակի առկայության դեպքում միայն վարձատրության լրացուցիչ մեխանիզմներից օգտվելու հնարավորության ընձեռումը»,-նշվում է հիմնավորման մեջ:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայության կրտսեր, միջին, առաջատար կամ գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների (բացառությամբ քրեակատարողական հիմնարկի անվտանգային կառավարման ստորաբաժանման ծառայողների) համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար:

Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ քրեակատարողական ծառայության համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման և վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից: Նշվածից զատ, հարկ է փաստել, նախագծի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով երեք տարվա ընթացքում (օրենք ուժի մեջ մտնելուց հետո) հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելը ամրագրվում է որպես ծառայությունից ազատման հիմք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել