Ազգային անվտանգության ծառայությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Նախագծի ընդունմամբ պետական մարմինների հետ անմիջականորեն աշխատող կազմակերպությունների օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցներին կտրվի հնարավորություն առչնվելու պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին՝ առանց համապատասխան պահանջների պահպանման:
«Նախագծով նախատեսվում է վերը նշված անձանց պետական և ծառայողական գաղտնիքին առչվելու թույլտվություն տրամադրել՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի N 545 որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով և 5-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված պահանջների պահպանման:
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված դեպքերը եզակի են, նախագծով նախատեսվում է պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք տալու վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնելու իրավասությունը բացառիկ դեպքերում վերապահել ՀՀ վարչապետի աշխատակազմին:
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա»,-նշվում է հիմնավորման մեջ: