Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն: Նման գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել «Ինտեր»-ի կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում ստեղծված իրավիճակի վրա:
«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր վտանգված է։ Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։ Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։
Ավելին, Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Հաշվի առնելով, որ ձմեռ է, և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից էլ ցածր, այս իրավիճակը բնակիչներին դնում է ցրտահարումից մահանալու վտանգի առաջ։ Սա վերածվում է իրական հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելու», – գրել է Մխիթարյանը։
— Henrikh Mkhitaryan (@HenrikhMkh) December 15, 2022