72 ժամ է Արցախը գտնվում է արգելափակման մեջ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
«Հպարտ եմ, որ ձեզ հետ միասին ապրում եմ այստեղ, որովհետև մենք անցնում ենք այս ճգնաժամը շատ պարկեշտ։ Իսկապես, ես մեծ հավատ ունեմ, որ այս ամեն ինչը աղթահարելու ենք, որովհետև այսպիսի ուժ, որ ես տեսնում եմ մեր մեջ, այսպիսի հավատ դեպի մեզ, որ մենք միասին ամեն ինչ անելու ենք, ինձ մեծ էներգիա է տալիս։ Սա աննախադեպ բան է եղել մեզ հետ, որովհետև պատերազմի ժամանակ, 90-ական թվականներին ճանապարհը չի փակվել, 44-օրյա պատերազմին չի փակվել և մենք միշտ անցել ենք, բերել դիզել և բենզին, դեղեր։
Առաջին անգամ ենք ապրում նոր իրավիճակի մեջ։ Իհարկե, դա նոր իրականություն է, որ դժվար է և շատ բաներ, ես հասկանում եմ, կյանքում դժվարացել է։ Ես վստահ եմ, որ դա արված է միայն մի բանի համար, որ մենք կարողանանք երկար դիմանալ այս իրավիճակին»,-ասաց նա։
Ռուբեն Վարդանյանը նշեց, որ այս իրավիճակն իրեն հիշեցնում է Սպարտայի կյանքը, երբ մարդիկ համախմբված պայքարում էին, ամեն ինչին հավատում, որ իրենք բոլորը հավասար նույն պայմանների մեջ են։
«Դուք գիտեք, որ մենք մտցրել ենք օրակարգ, տեսնում ենք, որ մարդկանց մեծամասնությունը դա ընդունում է։ Ցավոք սրտի, կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ անձնական զանգերով կամ անձնական խնդրանքներով ոչ մի բան չի լուծվելու, որովհետև բոլորի նկատմամբ նույն մոտեցումն է լինեու։ Ես գիտեմ դեպքեր, որոնք անթույլատրելի են և ես չեմ թույլ տվել, որ դա շարունակվի, և մարդիկ պատիժ են կրելու, եթե իրենք՝ օգտագործելով իրենց հնարավորությունները, փորձեն իրենց օգտին որևէ հարց լուծել։ Ամեն ինչ բացահայտվելու է»,-ասաց Արցախի պետնախարարը։
Նա նաև խոսեց ադրբեջանական բամբասանքների մասին, հայրենակիցներին դավաճանության մեջ ներքաշելու վտանգի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
—————
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։