Արցախի տեղեկատվական շտաբը` ճանապարհի բացման լուրերի մասին

Արցախի տեղեկատվական շտաբը հորդորում է տուրք չտալ տարածվող կեղծ լուրերին, իբրև Ադրբեջանը բացել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։

«Սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները, թե իբր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացվել է, ապատեղեկատվություն է։

Ադրբեջանը շարունակում է փակ պահել ճանապարհը։

Խնդրում ենք տուրք չտալ կեղծ տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել