Մենք 6 ամիս շարունակ տեսել ենք շրջափակում, տեսել ենք ռմբահարումներ, տեսել ենք սով, բայց մենք հաղթահարել ենք. Արտակ Բեգլարյան

Ես նպատակ չունեմ որևէ շարժում առաջնորդելու, ես նպատակ ունեմ լիցք տալու մեր հասարակաությանը, որ մարդիկ հասկանան՝ մենք ծայրահեղ հումանիտար աղետի շեմին ենք կանգնած: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:

Հիշեցնենք, որ նա անժամկետ նստացույց է սկսել Երևանում, ՄԱԿ-ի գրասենյակի առջև:

«Մենք այլևս ժամանակ չունենք կորցնելու: Մենք որևէ տեղ, որևէ հարցում զիջում չունենք անելու: Մենք չպետք է դառնանք էթիկայի և կոռեկտության զոհ: Հետևաբար բոլոր հնարավոր գործիքները պետք է կիրառենք, որ մեր կենսական կարմիր գծերը, մեր շահերն ու իրավունքները պաշտպանենք։ Սա է իմ հիմնական ուղերձը հայաստանյան հասարակությանը: Ես կարևորում եմ, որ հստակ բողոքի ակցիաներ լինեն կոնկրետ դեսպանատների առջև կամ այլ ճնշման ձևեր կիրառվեն այդ դեսպանատների հանդեպ, որպեսզի իրենք էլ հասկանան, որ հայաստանյան հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ: Հայաստանյան հասարակությունն ունի կոնկրետ իրավունքներ ու պահանջատեր է, որ իր հայրենիքը, իր հայրենակիցներին միջազգային հանրությունը պաշտպանի»,-ասաց նա:

Բեգլարյանը սփյուռքից ևս ակնկալում է, որ կիրականացնեն տարբեր ակցիաներ, իրենց կառավարություններից կպահանջեն սանկցիաներ Ադրբեջանի հանդեպ:

«Արցախի իմ հայրենակիցներին մաղթում եմ, որ ամուր լինեն, որևէ զրկանքներից չվախենան: Մենք դա տեսել ենք 1991-1992 թվականներին: Մենք 6 ամիս շարունակ տեսել ենք շրջափակոմ, տեսել ենք ռմբահարումներ, տեսել ենք սով, բայց մենք հաղթահարել ենք: Մենք, հայ ժողովրդի համախմբման միջոցով կարողացել ենք մեր կենսական շահերն ու իրավունքները պաշտպանել: Նույնը մենք կարող ենք անել հիմա, ուղղակի պետք է դիմանալ, քանի որ մենք չունենք իրավունք զիջելու: Մենք միայն պետք է զգանք, որ միայնակ չենք: Առաջին հերթին հայ ժողովուրդը կանգնած է մեր թիկունքին, բոլոր հնարավոր գործողություններով և նաև ինքնազոհողություններով: Այդ դեպքում մենք կկարողանանք այս փուլը հաղթահարել։ Ավելի երկարաժամկետ ջանքերով՝ հայց պետականությունը ներսից ամրացնել և մեր շահերը պաշտպանել»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը նշեց, որ նստացույցն ու իր անհնազանդության ակցիաները առնչություն չունեն իր աշխատանքի և լիզորությունների հետ:

«Ես արձակուրդի դիմում եմ գրել և գտնվում եմ արձակուրդում: Ըստ կարիքի՝ պատրաստ եմ նաև աշխատանքից դուրս գալ, որովհետև ինձ համար սա սկզբունքային, ազգային, պետական և անձնական խնդիր է: Ես կարծում եմ, որ հիմա այսպես կարող եմ պայքարել իմ ժողովրդի համար»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել