Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեպքի վայրից իրականացնում են լիարժեք նկարահանումներ, այդ թվում` ուղիղ հեռարձակման միջոցով: Հայկական ԶԼՄ-ները լուսաբանման որևէ հնարավորություն չունեն, նրանց չի թույլատրվում անգամ մոտենալ դեպքի վայրին:
Այս մասին հայտարարություն է տարածել Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը:
Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում են թշնամանք, տարածում են կեղծ տեղեկություններ:
Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա ադրբեջանական իշխանությունների նախապես ծրագրած քայլերից է, որով նպատակ ունեն տեղեկատվական դաշտը լցնել միայն իրենց անհրաժեշտ, միակողմանի ինֆորմացիայով։
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից և հանդիսանում են նրանց անուղղակի խոսափողը։ Իսկ տեղում գտնվող լրատվամիջոցները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից:
Միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու, 120,000 մարդու մեկուսացման մեջ թողնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։