Մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում․ Տիգրան Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Սիրելի հայրենակիցներ,

Արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը: Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ:

Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ: Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ:

Այս ճանապարհը երկար է և երբեմն անանցանելի է թվում: Այն հնարավոր է անցնել միայն միասնակամ:

Սիրելի հայրենակիցներ, հայեր,

Մենք տարբեր ենք մեր ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով և կենցաղով, բայց մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում:

Մնացեք հաստատակամ և մեր հանդեպ հավատով»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել