Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Այս մասին հայտնում է ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։
«Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը:
Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ»-նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։