ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակմանը:
«Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով ավելի քան 120 000 երեխաներ, տարեցներ, կանայք և տղամարդիկ զրկված են կենսական հասանելիությունից դեպի Հայաստան և մնացյալ աշխարհ։ Էքզիստենցիալ սպառնալիքների առջև կանգնած Արցախի ժողովրդի համար հերթական մարտահրավերի 2-րդ օրը:
Միջազգային հանրության հրատապ և նպատակային արձագանքը պարտադիր է»,- գրել է Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից դադարեցվել է Արցախի գազամատակարարումը։