Ադրբեջանական աղբյուրները գրում են, որ Բաքուն նաև անջատել է Արցախի գազամատակարարումը։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
«Տեղյակ եք, որ խողովակաշարի մի հատվածը իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքով է անցնում։
Սպասենք այս տեղեկատվության հաստատմանը Արցախից։ Եթե սա ճիշտ է, ապա Ադրբեջանն ակնհայտ հումանիտար աղետ է ստեղծում 120.000 մարդու համար ձմռան ցրտին»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։