Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են․
«Հաշվի առնելով, որ վերջին երկու օրերի ընթացքում Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության արգելափակումը առաջացնում է Արցախի բնակիչների մի շարք հիմնարար իրավունքների խախտումներ՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը քննարկում է միջազգային իրավական մեխանիզմների գործարկման հնարավորությունը:
Ձեռնարկած քայլերի մասին կհայտնենք լրացուցիչ»։
—————
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։