ԵՄ-ն պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ․ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյան

Եվրոպական միությունը արժեքների ու մարդու իրավունքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց, ցավալիորեն, մինչև այս պահը որևէ առարկայական, շոշափելի արձագանքի չի արժանացրել Ադրբեջանի հանցավոր գործողությունը։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման լուրջ խնդրի մասին:

«Իհարկե աշխարհաքաղաքական շահերը կամ տնտեսական շահերը, կարծես թե, վերջին ժամանակահատվածում միշտ էլ ստվերի տակ են թողնում մարդու իրավունքների օրակարգը և առհասարակ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությունը, բայց դա չպետք է այդպես լինի կոնկրետ Եվրոպական միության պարագայում, որովհետև մի կառույց, որն աշխարհի բոլոր կետերում տարածում է մարդու իրավունքների օրակարգ, առաջին հերթին ինքն իրենից պետք է սկսի և հստակ կանգնի այդ իրավունքների պաշտպանության դիրքերում։

Ես կարծում եմ, որ Եվրոպական միությունը պետք է պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ այս պահի դրությամբ Արցախում 120․000 մարդու իրավունքները ամենախիստ ու կոպիտ կերխով ոտնահարելու համար»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։

—————

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը, ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Նրանք վրաններ են տեղադրել, վառարաններ բերել։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։

Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել