Արցախի բուժհաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա են, կանգնելու ենք շատ լուրջ խնդրի առաջ․ Արցախի ՄԻՊ

Այս պահի դրությամբ Արցախում 120․000 մարդ գտնվում է շրջափակման մեջ։ Արցախը նաև օդային հաղորդակցություն չունի աշխարհի հետ։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ խոսելով Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման լուրջ խնդրի մասին։

«Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքն ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվեն կենսաապաովման համար անհրաժեշտ պայմանները, իսկ մենք տեսնում ենք, որ արդեն 24 ժամ շարունակ խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը։ Եվ դա իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից և անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ ու նրա հրահանգներով, որովհետև այն թեզերը, որոնք շրջանառվում են՝ իբր բնապահպանական և այլն, դրանք ամբողջությամբ կեղծ են և կա տեղեկություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,-ասաց Արցախի ՄԻՊ-ը։

Նա նաև նշեց, թե ադրբեջանական այս հանցավոր գործողությունը ինչ հետևանքներ կարող ունենալ և արդեն ունի։

«Արդեն 24 և ավելի ժամ դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների, դեղորայքի ու այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումը ամբողջ Արցախի տարածքում։

ՄԻՊ-ը ահազանգեր է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա են և նման ձևով շարունակելու դեպքում կանգնելու ենք շատ լուրջ խնդրի առաջ։ Նույնը վերաբերում է նաև սննդամթերքի ու էներգակիրների մատակարարումներին, խոսքը բենզինի ու դիզվառելիքի մասին է»,-ասաց Գեղամ Ստեփանյանը։

ՄԻՊ-ը նաև մանրամասնեց, որ այժմ շուրջ 1100 մարդ ճանապարհներին է մնացել՝ ձմեռվա այս ցուրտ պայմաններում։ Այդ թվում են նաև 270 երեխաներ, որոնք զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից, կտրված են իրենց ընտանիքներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել