ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են երեկ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում կատարված նույն շենքի 62-ամյա բնակչի սպանության հանգամանքները։
2022թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12:55-ին, «Չարենցավան» ԲԿ ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկում դանակահարություն է տեղի ունեցել:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 12:40-ի սահմաններում, հիշյալ հասցեում բնակվող 62 և 30-ամյա բնակիչների միջև ծագած վիճաբանության ժամանակ, վերջինս իր մոտ եղած դանակով մեկ անգամ հարվածել է 62-ամյա տղամարդու ձախ ազդրին` պատճառելով մահ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման հետքեր, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք: Հետաքննության մարմնին տրվել է համապատասխան հանձնարարություն։
Նույն օրը վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 30-ամյա տղամարդը ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը` արնանման հետքերով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: