Հայաստանում, եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թուրք ես․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծագույն խնդիր է համարում տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և ի վերջո բացառումը և հատկապես պաշտոնական մակարդակով, բայց ոչ միայն պաշտոնական մակարդակով:

Այս մասին վարչապետն ասել է այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

«Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև  կարծում եմ, որ իսկապես, մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Եվ ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակում: Օրինակ՝ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը, կարծում եմ, այն է, որ մենք ուղիղ պաշտոնական մակարդակում ասենք, որ ընդունում ենք, ընդգծում ենք, որ մենք պիտի, օրինակ՝ այդ թվում Հայաստանում, դադարեցնենք մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն: Հայաստանի Հանրապետությունում կա այդ բանը, օրինակ՝ եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թուրք ես: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, դրանով իրենք ինձ ամենևին նախ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում: Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք և պետք է աշխատենք փոխել այս իրողությունը:

Ադրբեջանում էլ կա այդ իրողությունը, մեկին վիրավորելու համար, նույնիսկ ամենավերջին հայհոյանքները, որոնք մեր տարածաշրջանում՝ Կովկասում, ունեն մահացու ազդեցություն, երբեմն այդքան էֆեկտիվ չեն գործում, երբ մեկին ասես հայ, օրինակ: Կարծում եմ, որ մենք պաշտոնական մակարդակում, կառավարությունների մակարդակում պետք է ընդունենք իրողությունը և ասենք, որ մենք այդ իրողության հետ հաշտ չենք և չենք ուզում, որ ազգությունների, ազգի անունը, որևէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք: Եվ սա, կարծում եմ, հենց ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործիք է:

 Ենթադրում եմ, որ նման իրողություններ կան նաև Թուրքիայում, և իմ ուղերձն այս ամբիոնից հետևյալն է՝ մենք ահա սկսենք այստեղից, մենք գլոբալ հարցեր չենք կարողանում երբեմն լուծել, որովհետև չենք կարողանում այդ հարցերն ախտորոշել գենետիկ մակարդակում, իսկ այս ամբիոնն այդ առումով շատ կարևոր է, որովհետև գեն-ոցիդի մասին է խոսքը, և մենք այս խնդիրը հասկանալու և կանխարգելելու համար հարցի գենետիկ մակարդակը պիտի կարողանանք ընկալել և ախտորոշել:

Եվ ես հույս ունեմ, որ այս ֆորումի կարևոր քննարկումներից մեկը հենց դա կդառանա: Օրինակ, մի գաղափար կար, և ենթադրում եմ՝ այդ գաղափարը կա, Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ինչ-որ ֆորմատով քննարկումներ սկսել: Այդ գաղափարը նոր չէ, այդ գաղափարը բավականին հին է: Հին՝ ոչ թե հնացածի առումով, այլ ժամանակի առումով: Եվ ես միշտ պաշտպանել եմ այդ գաղափարը, բայց առաջարկել եմ շատ կարևոր ֆունդամենտալ բանաձև: Այդ հարթակը, առաջին հերթին, պետք է օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ: Պաշտոնական մակարդակներում երկրների ղեկավարները պետք է արձանագրեն սա, ասեն, որ մենք համաձայն ենք իրար հետ համագործակցել ատելության խոսքը բացառելու համար: Առավել ևս՝ պաշտոնական մակարդակում:

Եվ այստեղից է, որ պետք է սկսել ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարատումը, որովհետև եթե որևէ մեկն Ադրբեջանում, Թուրքիայում, Հայաստանում որևէ մեկին հայ կամ թուրք է անվանում, առավել ևս քաղաքական մակարդակում, նույնիսկ՝ ոչ քաղաքական մակարդակում, նա դա անում է նրան բարոյապես, քաղաքականապես որևէ ձևով ոչնչացնելու և նվաստացնելու համար: Եվ սա ցեղասպանության, ըստ էության, գենետիկ մակարդակի մտածողություն է»,-նշել է նա:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել