Նիկոլ Փաշինյանը «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին խոսել է Ադրբեջանի քաղաքականության, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը: Համաժողովն անցկացվում է դեկտեմբերի 12-13-ը Երևանում` «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրահայտ ցեղասպանագետներ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դեսպաններ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«ՀՀ մեծարգո նախագահ,
Ազգային ժողովի հարգելի նախագահ,
Հարգելի հյուրեր,
Կառավարության անդամներ,

Արդեն  չորրորդ անգամն է, որ Հայաստանը հյուրընկալում է ընդդեմ Ցեղասպանության  հանցագործության Գլոբալ ֆորումը: Ես ուզում եմ նախ ողջունել բոլոր մասնակիցներին, մարդու իրավունքների պաշտպանությունն ապահովող ցեղասպանություններն ու զանգվածային այլ ոճրագործությունները կանխելու,  արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելու մանդատով օժտված մեր գործընկերներին, պաշտոնյաներին, գիտնականներին, դիվանագետներին, քաղաքական գործիչներին և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մասնագետներին:

1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան: Կոնվենցիայի ընդունումից տարիներ անց՝ 2015 թվականին, Հայաստանի նախաձեռնության և միջազգային համայնքի լայն աջակցության շնորհիվ հնարավոր եղավ ընդունել Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ նախորդ գլոբալ ֆորումների ընթացքում մենք, ցավոք, ավելի ու ավելի շատ «ցեղասպանություն» երևույթը սկսել ենք դիտարկել ոչ միայն որպես պատմական երևույթ, ոչ միայն որպես պատմական ժառանգություն, այլև՝ մի վտանգ և սպառնալիք, որն այսօր էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում գոյություն ունի և, իսկապես, կանխարգելումը ցեղասպանության  դառնում է իրական խնդիր: Մենք սովորաբար, այս համատեքստում, ՀՀ ներկայացուցիչներս, առավել շեշտում և ընդգծում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց պիտի ընդգծեմ, որ այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը  և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ: Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը որպես սպառնալիք: Եվ ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք, բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք: Թվում էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը ստեղծել է մեխանիզմները Լեռնային Ղարաբաղի հայությանը պոտենցիալ ցեղասպանությունից պաշտպանելու համար, բայց, ցավոք, հետագայում քայլ-քայլ մենք տեսանք և շարունակում ենք տեսնել իրողություններ, որոնք հնչող մտավախությունները դարձնում են ավելի ու ավելի առարկայական: Եվ պիտի փոքր ակնարկ անեմ, թե ինչպես ենք մենք շարժվել ահա այսպիսի վտանգի առարկայացման ուղղությամբ: 2021 թվականին արդեն մենք ականատես եղանք իրողությունների, երբ Լեռնային Ղարաբաղում գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձինք դիպուկահարի կողմից ուղղակի սպանվեցին տրակտորի ղեկին գտնվելիս: Հետագայում մենք ավելի սուր իրողությունների ականատես դարձանք, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղապահների պատասխանատվության գոտի, և այդ պրոցեսը զուգորդվեց ուշադրության արժանի մի քանի իրողություններով և երևույթներով: Մասնավորապես, երբ Ադրբեջանի զինված ուժերը գիշերային ժամերին ուժեղ լուսարձակների միջոցով  լուսավորում էին հայկական գյուղերի տները կեսգիշերն անց, միացնում իսլամական աղոթքի հրավեր և բարձրախոսներով հայ բնակիչներին կոչ անում, սպառնում լքել իրենց բնակավայրերը: Մենք, իհարկե, մեծ հարգանք ունենք իսլամական քաղաքակրթության և կրոնի նկատմամբ, և դրա ամենավառ ապացուցներից մեկը Երևան քաղաքի  կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթն է, որն, իմիջայլոց, վերականգնվել է ՀՀ անկախության ժամանակաշրջանում, բայց այլ կերպ, քան կրոնական ահաբեկչություն իմ կողմից նկարագրված իրողությունը, ես չեմ կարող գնահատել:

Եվ նաև պիտի արձանագրեմ, որ, ցավոք, այդ գործողություններն առանձին կամ մեկուսացված գործողություններ չեն: Եվ այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում: Եվ այս առումով պիտի ընդգծեմ այն սադրանքները, որոնք տեղի են ունենում, մասնավորապես, Լաչինի միջանցքում: Ոմանք փորձում են Լաչինի միջանցքը զուգահեռել տարածաշրջանում գոյություն ունեցող այլ կոմունիկացիաների կամ հնարավոր վերագործարկվելիք կամ կառուցվելիք կոմունիկացիաների հետ, բայց պիտի ընդգծեմ, որ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է, որովհետև՝ փակել այս միջանցքը, դադարեցնել այս միջանցքի գործողությունը, նշանակում է, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով:

Առաջին սցենարը կարող է լինել զուտ հայաթափման սցենարը, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում: Եվ մենք այդպիսի, ըստ էության, մինի մոդելը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44 օրյա պատերազմի հետևանքով: Ընդ որում,  պիտի ընդգծեմ, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ՝ փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ: Բայց մինչև այսօր, նույնիսկ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչները տվյալ տարածքներ մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել, ուր մնաց թե Հադրութի շրջանի բնակիչներն այդ հնարավորությունն ունենային:

Հաջորդ սցենարը, որը կարող է իրագործվել՝ ինքնության կորուստն է, որը, կարծում եմ, նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է: Եվ այսօր այն պայքարը, որ Ադրբեջանը մղում է Լեռնային Ղարաբաղի տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է: Այսինքն, ընդհանուր առմամբ անվտանգության համատեքստում, երբ ասում ենք անվտանգություն, երբեմն հասկանում ենք միայն ֆիզիկական անվտանգությունը, բայց ինքնության անվտանգությունը մարդու իրավունքների և անվտանգության անքակտելի մասն է: Այն երևույթը, որ մենք տեսնում ենք, նույնիսկ զավեշտալի է այդ մասին խոսել, միջազգայնորեն ճանաչված հայկական պատմամշակութային հուշարձանները փորձ է արվում ներկայացնել որպես այլ ծագում ունեցող: Ընդ որում, մենք այս հարցում էլ գուցե շատերի համար քննադատելի ճկունություն ենք ցուցաբերում՝ ասելով, որ գիտեք այդտեղ գուցե չարժե դա դարձնել միջպետական բանաձև, դրա համար կա միջազգային մասնագիտացված կառույց՝ ՅՈՒՆԵՍԿՕ, որն ի վիճակի է, ունի բոլոր փորձագիտական, մասնագիտական հմտությունները՝ գնահատելու պատմամշակութային հուշարձանների ծագումնաբանությունը: Բայց ես ուզում եմ ասել, որ սա պարզապես անշունչ կառույցների դեմ պայքար չէ, սա ինքնության դեմ պայքար է, և այդ պայքարը չունի պարզապես պատմական կոնտեքստ, այդ պայքարն ունի պրակտիկ կոնտեքստ: Այդ պայքարի ամբողջ նպատակն է ի ցույց դնել, որ հայերը Լեռնային Ղարաբաղում ապրելու իրավունք չունեն, որովհետև մենք տեսնում ենք այդ պատմամշակութային հուշարձանների դեմ պայքարի հետևյալ կոնտեքստը, երբ պետական մակարդակով տրվում է հանձնարարություն, որ հայկական որմնագիր արձանագրությունները ջնջվեն և նրանց փոխարեն տեղադրվեն, այսպես ասած, իրական պատմական իրողություններն արձանագրող արձանագրությունը: Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել:

 Եվ երրորդ սցենարը՝ դա բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի իրողությունը և նախանշանները մենք նույնպես տեսել ենք և տեսնում ենք՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելուց և հրթիռակոծելուց: Բայց գիտեք, ես չեմ ուզում, որ մենք ցեղասպանությունը ընկալենք և դիտարկենք, և այդ թվում այն ցեղասպանությունը, որի մասին խոսում եմ, անխուսափելի և անկանխարգելելի իրողություն: Եվ պիտի արձանագրեմ, որքան էլ տարօրինակ թվա, հիմա այս նախաբանից հետո եզրակացությունը, որ իմ համոզմամբ, այնուամենայնիվ, ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Եվ մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում:

 Ադրբեջանը, ընդ որում, ամբողջ աշխարհին, ամենատարբեր առիթներով ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ ենք ապահովել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը, բայց միջազգային հարթակներում հնչող այդ նախադասության հասցեատերը, կարծես, միջազգային հանրությունն է և ոչ առաջին հերթին այն մարդիկ, ովքեր այդ նախադասության շահառուն են: Այդ նախադասությունն Ադրբեջանի կողմից հասցեագրվում է միջազգային հանրությանը, բայց չի հասցեագրվում Լեռնային Ղարաբաղի հայությանը: Եվ մենք կարծում ենք, որ այդ ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի դառնա Ստեփանակերտում, Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղի հայության շրջանում:

Եվ ես հատուկ ընդգծեցի, որ անվտանգությունն իսկապես միայն ֆիզիկական անվտանգություն չէ. ինքնության անվտանգությունն այդ անվտանգության անբաժանելի մասն է, ինքդ քեզ ճանաչելը՝ մարդու իրավունքների անքակտելի մասն է: Բայց մյուս կողմից ես ուզում եմ նաև իմ ելույթն ամփոփել մի պրակտիկ կամ մի քանի պրակտիկ հետևությամբ, թե ինչ պետք է մենք անենք ընդհանրապես ցեղասպանությունների կանխարգելման համար, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Կարծում եմ, որ ամբողջ ծանր իրողություններով հանդերձ՝ ներկա և պատմական, մենք պետք է փոխենք մեր տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը և որակը: Եվ իսկապես, դա պետք է սկսել ամենապարզ բաներից, օրինակ՝ մեծագույն խնդիր եմ համարում մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և ի վերջո բացառումը և հատկապես պաշտոնական մակարդակով, բայց ոչ միայն պաշտոնական մակարդակով: Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև  կարծում եմ, որ իսկապես, մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում: Եվ ես չեմ ուզում, որ մենք անընդհատ լինենք քննադատողի դերում և հրաժարվենք նաև ինքնահայեցման հնարավորությունից՝ սկսած ամենակենցաղային մակարդակում: Օրինակ՝ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկը, կարծում եմ, այն է, որ մենք ուղիղ պաշտոնական մակարդակում ասենք, որ ընդունում ենք, ընդգծում ենք, որ մենք պիտի, օրինակ՝ այդ թվում Հայաստանում, դադարեցնենք մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն: Հայաստանի Հանրապետությունում կա այդ բանը, օրինակ՝ եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թուրք ես: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, դրանով իրենք ինձ ամենևին նախ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում: Եվ ընդհանրապես, կարծում եմ՝ այս իրողությունների հետ մենք պետք է առերեսվենք և պետք է աշխատենք փոխել այս իրողությունը: Ադրբեջանում էլ կա այդ իրողությունը, մեկին վիրավորելու համար, նույնիսկ ամենավերջին հայհոյանքները, որոնք մեր տարածաշրջանում՝ Կովկասում, ունեն մահացու ազդեցություն, երբեմն այդքան էֆեկտիվ չեն գործում, երբ մեկին ասես հայ, օրինակ: Կարծում եմ, որ մենք պաշտոնական մակարդակում, կառավարությունների մակարդակում պետք է ընդունենք իրողությունը և ասենք, որ մենք այդ իրողության հետ հաշտ չենք և չենք ուզում, որ ազգությունների, ազգի անունը, որևէ ազգի անուն օգտագործվի որպես վիրավորանք: Եվ սա, կարծում եմ, հենց ցեղասպանության կանխարգելման կարևորագույն գործիք է:

 Ենթադրում եմ, որ նման իրողություններ կան նաև Թուրքիայում, և իմ ուղերձն այս ամբիոնից հետևյալն է՝ մենք ահա սկսենք այստեղից, մենք գլոբալ հարցեր չենք կարողանում երբեմն լուծել, որովհետև չենք կարողանում այդ հարցերն ախտորոշել գենետիկ մակարդակում, իսկ այս ամբիոնն այդ առումով շատ կարևոր է, որովհետև գեն-ոցիդի մասին է խոսքը, և մենք այս խնդիրը հասկանալու և կանխարգելելու համար հարցի գենետիկ մակարդակը պիտի կարողանանք ընկալել և ախտորոշել:

Եվ ես հույս ունեմ, որ այս ֆորումի կարևոր քննարկումներից մեկը հենց դա կդառանա: Օրինակ, մի գաղափար կար, և ենթադրում եմ՝ այդ գաղափարը կա, Հարավային Կովկասում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ինչ-որ ֆորմատով քննարկումներ սկսել: Այդ գաղափարը նոր չէ, այդ գաղափարը բավականին հին է: Հին՝ ոչ թե հնացածի առումով, այլ ժամանակի առումով: Եվ ես միշտ պաշտպանել եմ այդ գաղափարը, բայց առաջարկել եմ շատ կարևոր ֆունդամենտալ բանաձև: Այդ հարթակը, առաջին հերթին, պետք է օգտագործվի միայն ու միայն ատելության խոսքը մեր տարածաշրջանից արմատախիլ անելու ուղղությամբ: Պաշտոնական մակարդակներում երկրների ղեկավարները պետք է արձանագրեն սա, ասեն, որ մենք համաձայն ենք իրար հետ համագործակցել ատելության խոսքը բացառելու համար: Առավել ևս՝ պաշտոնական մակարդակում:

Եվ այստեղից է, որ պետք է սկսել ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարատումը, որովհետև եթե որևէ մեկն Ադրբեջանում, Թուրքիայում, Հայաստանում որևէ մեկին հայ կամ թուրք է անվանում, առավել ևս քաղաքական մակարդակում, նույնիսկ՝ ոչ քաղաքական մակարդակում, նա դա անում է նրան բարոյապես, քաղաքականապես որևէ ձևով ոչնչացնելու և նվաստացնելու համար: Եվ սա ցեղասպանության, ըստ էության, գենետիկ մակարդակի մտածողություն է:

Բայց մյուս կողմից պիտի ասեմ, որ այն փաստը, որ ես հիմա հրապարակային այսպիսի առիթով խոսում եմ այս հարցերի մասին՝ սա նշանակում է, որ մենք, այնուամենայնիվ, շարժվում ենք, սա նշանակում է, որ մենք առերեսվում ենք, սա նշանակում է, որ մենք գիտակցում ենք: Պիտի ընդգծեմ, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան և ընդհանրապես՝ մեր տարածաշրջանում հարաբերություններն այս առումով շատ կարևոր են:

Իմիջայլոց, թշնամանքի կառավարման ևս մի կարևոր բանաձև կա: Երբեմն ճշգրիտ այսպիսի մոտեցում է գործում. եթե որևէ մի բան ասում է Հայաստանը, ուրեմն՝ Ադրբեջանում կամ Թուրքիայում դրա ճիշտ արձագանքը՝ ասել 180 աստիճան հակառակը: Եվ նույնն էլ մեզ մոտ, եթե որևէ մի բան ասում է Ադրբեջանը, այդ թվում՝ քաղաքական, պաշտոնական մակարդակում – ոչ միշտ, բնականաբար, բայց շատ հաճախ մենք տեսնում ենք այդպիսի ուղղություններ – ամենաապահով արձագանքը՝ 180 աստիճան հակառակ բան ասելն է, որովհետև դա ապահով է և՛ քաղաքական առումով, դա ապահով է և՛ բարոյական առումով, և դա ապահով է ավելի լայն, հոգեբանական առումով:

Եվ ես այսօր ուզում եմ, թերևս առաջին անգամ, այս իրողությունը խախտել, և համաձայնություն արտահայտել մի հայտարարության հետ, որը վերջերս հնչել էր Թուրքիայում: Իսկ գաղափարը հետևյալն էր, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն իրար կարիքն ունեն՝ հենց այդ երկրների անվտանգության, մեծ առումով՝ պատմական, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով: Եվ սա շատ կարևոր բանաձև է, որպեսզի մենք, ի վերջո, իմ նշած հարաբերությունների ռեժիմը փոխենք:

Մենք պիտի մի բան հասկանանք՝ մենք ինչո՞ւ ենք այստեղ: Մենք այստեղ ենք կողք-կողքի ապրելո՞ւ համար, թե՞ այստեղ ենք պարզապես ժամանակ ձգելու համար միմյանց կամ իրար ոչնչացնելու հարմար առիթը հասունացնելու նպատակով: Այսպիսի ենթատեքստ, այսպիսի ենթագիտակցություն առկա է մեր տարածաշրջանում՝ մի երկրում ավելի շատ, մյուս երկրում ավելի քիչ, մի երկրում դա ինստիտուցիոնալ մակարդակի է, մյուս երկրում դա սաղմնային մակարդակի է, բայց այս իրողությունները ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք:

Վերադառնալով արդեն ժամանակակից տեխնոլոգիաներին՝ պիտի ասեմ, որ այդ իրողությունները շատ ակնհայտ երևում են սոցիալական ցանցերի հենց ուսումնասիրության, մոնիտորինգի ժամանակ: Եվ, ահա, ցեղասպանության պրոբլեմը, ես համաձայն եմ կազմակերպիչների հետ, իրեն ի ցույց է դնում և նորովի արտահայտվում է նոր տեխնոլոգիաների կամ այդ նոր տեխնոլոգիաներից հիմա արդեն թերևս ամենապարզ տեխնոլոգիայում, դա սոցիալական ցանցերն են:

Ես ժամանակին մի նախաձեռնություն էի հանդես բերել, երբ ասում էի, որ սոցիալական ցանցերը կարող են դառնալ ոչ թե ատելության, այլ երկխոսության հարթակ: Իհարկե, այն ժամանակ այդ նախաձեռնությունը ձախողվեց, տապալվեց ձեզ հայտնի հանգամանքների բերումով: Բայց այսօր ես ուզում եմ ընդգծել, որ նոր տեխնոլոգիաները, որոնք մոտեցրել են ամենահեռավոր երկրները, պետք է կարողանան մոտեցնել նաև այն երկրները, որոնք ֆիզիկապես կողք կողքի են տեղակայված: Սա թվում է, թե շատ պարզ, բայց իրականում շատ բարդ խնդիր է, և ես հաջողություն եմ մաղթում ֆորումի մասնակիցներին այս բարդ խնդրի լուծմանը աջակցելու ճանապարհին:

Շնորհակալ եմ»:

Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ հատուկ խորհրդական Ալիս Վայիրիմու Նդերիտուն: Ներկայացվել է նաև ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի տեսաուղերձը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ:

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել