Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաիծ է ներկայացրել հանրային քննարկման, որի համաձայն նախատեսվում է անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու գործընթացը դարձնել շարունական՝ գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
Նախագծում նշվում է, որ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 19-ի թիվ 723-Լ որոշմամբ (այսուհետ՝ Որոշում), որով նախատեսվում է միջոցառումն իրականացնել 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։
Համաձայն Որոշման հավելվածի 11-րդ կետի՝ միջոցառման փաստացի շահառու են հանդիսանում միջոցառման գործողության ընթացքում ապրանքների և (կամ) ծառայությունների ձեռքբերման դիմաց կենսաթոշակային քարտի միջոցով ՊՈՍ-տերմինալներով, ինչպես նաև կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատներում և նույն բանկի էլեկտրոնային հավելվածի միջոցով կոմունալ ծառայությունների դիմաց վճարում կատարած կենսաթոշակառուները:
Միջոցառման գործողության ընթացքում շահառուների և միջոցառման մասնակից բանկերի կողմից հարց է բարձրացվել «կոմունալ ծառայություններ» եզրույթի հստակեցման անհրաժեշտության վերաբերյալ։
ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 13-ի N 41 նիստի արձանագրությամբ տրված հանձնարարականի համաձայն՝ անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու պետություն-մասնավոր սոցիալական փոխգործակցության միջոցառումը անհրաժեշտ է դարձնել շարունակական՝ դրա գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը:
Հարկ է նշել, որ 2022 հուլիսի 1-ից մինչև հոկտեմբեր ամիսն անկանխիկ գործարք են կատարել շուրջ 49978 կենսաթոշակառուներ: Ընդ որում ծրագրի մեկնարկի համեմատ հոկտեմբեր ամսին գործարքների ծավալները եռապատկվել են:
Արդյունքում, առկա են շուրջ 1 մլրդ 950 մլն անկանխիկ գործարքներ, որի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխանցվել է հետվճար՝ շուրջ 195 մլն դրամ, որը յուրաքանչյուր թոշակառուի հաշվարկով կազմում է՝ միջինը 3100 դրամ։
Նշենք, որ կենսաթոշակառուների ծախսերն ուղղվել են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը (դեղորայք, սննդամթերք և այլն) և կոմունալ վճարումներին:
Միաժամանակ, ներկայումս միջոցառման շրջանակներում հետվճարի գումարը հաշվարկվում է բացառապես ՊՈՍ-տերմինալների միջոցով իրականացված վճարումներից։
Այս դեպքում հարկ է նկատի ունենալ, որ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ անկանխիկ ձևով վճարումներ հնարավոր է ընդունել ոչ միայն ՊՈՍ-տերմինալների, այլ նմանատիպ այլ սարքերի միջոցով։