Տեղի ունեցավ կանանց հզորացման ծրագրի փակման միջոցառումը

«Ծրագրի շնորհիվ ես իմ մեջ հայտնաբերեցի այնպիսի կարողություններ, որոնց ինքս էլ «ծանոթ» չէի, ինչպես օրինակ այն, թե ինչպես ճիշտ մշակել ծրագրեր և դրանք իրականացնել՝ պլանավորումից հաշվետվություն։ Սա լավ փորձ էր ինձ համար, և այսօր կարող եմ վստահ ասել, որ կարող եմ մշակել ծրագրեր և իրանանացնել դրանք։ Այս գիտելիքները ես նաև կիրառում եմ համայնքային ծառայության շրջանակներում»,- նշում է ծրագրի մասնակից Հայկուշ Ստեփանյանը, ով Արենի համայնքի Արփի բնակավայրի առաջին կարգի մասնագետ է։

Դեկտելմբերի 8-ին Երևանում տեղի ունեցավ «Աջակցություն դրամաշնորհների կառավարման գործընթացին կանանց հզորացման համար» ծրագրի պաշտոնական փակման միջոցառումը։

Այն Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից (ԳՄՀԸ/GIZ) իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի մասն է։ Ծրագիրը համաֆինանսավորվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ/SDC) կողմից: Այս ծրագրի շրջանակներում տեղական գործընկեր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի կողմից կառավարվել են ԳՄԸՀ և ՄԱԶԾ կանանց առաջնորդության դպրոցների շահառու 33 կանանց տրված փոքր դրամաշնորհային ծրագրերը։ Այդ փոքր դրամաշնորհային ծրագրերը կին ավագանու անդամների և տեղական ինքնակառավարման համակարգում աշխատող կանանց կողմից առաջնորդվել են իրենց համայնքներում և բնակավայրերում։
Միջոցառման առաջին մասում ողջույնի խոսքով հանդես եկավ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականությունների մշակման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, ով կարևորեց կանանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում և մանավանդ տեղական մակարդակում։ Նա իր խոսքում նշեց, որ այժմ գործող քվոտան հնարավորություն է ներուժ ունեցող կանանց ներգրավվել տեղական ինքնակառավարման մեջ՝ անկախ համայնքում առկա կարծրատիպերից: Նա լիահույս է, որ շուտով քվոտաների կարիք այլևս չի լինի, և որ կանայք կլինեն առավել նախաձեռնող, իսկ հասարակությունը կդառնա կանանց ավելի աջակցող։
ԳՄՀԸ կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին իր ելույթում մասնավորապես նշեց. «Փոքր դրամաշնորհային ծրագիրը մեր կողմից իրականացվող մեթոդներից մեկն է, որ կարող էինք առաջարկել համայնքների կանանց՝ խթանելու իրենց ակտիվությունն ու մասնակցությունը համայնքներում, ինչպես նաև հնարավորություն տալ նրանց բարձրացնելու իրենց ճանաչելիությունը և ներգրավելու հնարավորինս շատ մարդկանց, ովքեր կհետաքրքրվեն և կտեղեկանան տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությամբ։ Մենք արդեն տարիներ շարունակ համագործակցում ենք ՄԱԶԾ հետ և ձեռք ձեռքի համատեղ իրականացնում կանանց առաջնորդության ծրագիրը: Մենք նաև շատ ուրախ ենք, որ կարողանում ենք աջակցել մեր գործընկեր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ խթանելու կանանց ներգրավվածությունը տեղական մակարդակում»։
«Շատ կարևոր է փաստել, որ տաս տարի առաջ, երբ ՄԱԶԾ մեր թիմը սկսեց աշխատել կանանց հզորացման ուղղությամբ, դժվար էր պատկերացնելը, որ 30 տոկոս կանանց ներկայացվածությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացներում կարող է մի օր իրականություն դառնալ։ Այսօր կարող ենք փաստել, որ հաջողել ենք, և 30% քվոտան կիրառվում է։ Մենք կարևորում ենք համագործակցության այս ձևաչափը, որով գործընկեր միջազգային կազմակերպությունները՝ ՄԱԶԾ-ն և ԳՄԸՀ-ն տեղական հասարակական կազմակերպության միջոցով աջակցում են մեր համայնքներում առաջնորդ կանանց։ Այս մոդելը հաջողել է, քանի որ երկու շրջափուլով կարողացել ենք աջակցել 50-ից ավելի կանանց փորձ ձեռք բերել թե՛ կազմակերպչական, թե՛ առաջնորդության և թե՛ տեղական ինքնակառավարման ոլորտի բովանդակային մասնակցության վերաբերյալ։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այս գործընթացներում ներգրավված մեր բոլոր բարեկամներին և գործընկերներին»,- իր ողջույնի խոսքում նշեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Կանայք եւ երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանը։
Միջոցառման հաջորդ մասում ՀԿ Կենտրոնի կողմից ներկայացվեցին ծրագրի ընթացքում արձանագրված արդյունքները, ապա ցուցադրվեցին կանանց առաջնորդության մասին պատմող հոլովակները, որտեղ շահառու կանայք պատմում էին իրենց փորձառության ու անցած ճանապարհի մասին։

Ծրագրի շրջնակներում նախագծերն իրականացվել են ՀՀ ութ՝ Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ամենատարբեր համայնքներում ու բնակավայրերում։ Այս մեկ տարվա ընթացքում իրականացվել է 31 նախագիծ. հիմնական ուղղությունները եղել են որոշումների կայացման գործընթացներին քաղաքացիների մասնակցության խթանումը, կանանց հզորացումը և ներգրավվածության խթանումը, մասնակցային հետազոտությունների միջոցով բնակիչների կարիքների բացահայտումն ու տարեկան աշխատանքային պլանների մեջ ներառումը և այլն։
Կանանց առաջնորդած 31 փոքր ծրագրերի շրջանակներում ընդհանուր առմամբ կազմակերպվել է 230-ից ավելի միջոցառում, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է 2,200-ը։

«Ծրագիրն օգնեց կանանց հայտնվել ավագանու ինստիտուտում, բարելավել մասնագիտական կարողությունները, դառնալ ավելի ներկայանալի, սովորել հաղորդակցության հմտություններ, քարոզարշավի իրականացման տեխնիկաներ, իսկ վերջում՝ առաջադրվել ու ընտրվել։ Մեզ ծրագիրն օգնեց դառնալ ավելի ինքնավստահ, ու մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ մեր աշխատանքը կանանց հետ ու կանանց համար պետք է լինի շարունակական։ Սովորեցինք ծրագիր գրելու, ներկայացնելու, իրականացնելու բոլոր մանրուքները, ավելի լավ ճանաչեցինք ու գնահատեցինք մեր համայնքի կանանց ու հենց մեր պոտենցիալը»,- այս մասին նշեց Սաթենիկ Բալաբեկյանը, «Իրազեկ կանայք, հզոր համայնք» ծրագիր, Չարենցավանի համայնքապետարանի Հասարակայնության հետ կապերի բաժնի պետը։

Ծրագրի շրջանակներում ՀԿ Կենտրոնի կողմից կազմակերպվել է հարավից հյուսիս փորձի փոխանակման ուսումնական այց, որի շրջանակներում ծրագրի շահառու կանայք այցելել են տարբեր համայնքներ, որտեղ ծանոթացել են իրականացված ծրագրերին, հանդիպումներ են ունեցել ՏԻՄ և ՔՀԿ ներկայացուցիչների հետ, ովքեր կիսվել են իրենց փորձառությամբ կանանց ներգրավման և համայնքային զարգացման հարցերով։
Փորձի փոխանակման մեկ այլ նորարար մոդելի՝ «Բիզնես ճաշերի» միջոցով էլ շահառու կանայք և տարբեր ոլորտներում հաջողությունների հասած կանայք հնարավորություն էին ստանում ոչ ֆորմալ միջավայրում կիսվելու իրենց հաջողության պատմություններով, դժվարություններով ու լուծման տարբերակներով։ Այս հանդիպումներն առավել ոգևորիչ էին նոր-նոր քաղաքական ակտիվություն ցուցաբերող ավագանու կին անդամների համար, ովքեր նշում էին, որ նման ձևաչափերը հնարավորություն են տալիս հասկանալու, որ կանայք միայնակ չեն, իրենց աջակցում ու ապրումակցում են այլ՝ իրենց նման այդ ճանապարհն անցած կանայք։ Այս ձևաչափով կազմակերպվել է վեց հանդիպում ՀՀ տարբեր համայնքներում։
Կարևորելով կանանց մասնակցության և տեղական ինքնակառավարման հարցերում՝ ծրագրի շրջանակներում կազմակերպվել է նաև առցանց ֆորում, որի նպատակն է եղել խթանել կանանց և տղամարդկանց երկխոսությունը՝ նպաստավոր միջավայրի ստեղծման միջոցով։ Ֆորումի շրջանակներում հինգ թեմատիկ ուղղություններով շուրջ 50 ՏԻՄ ներկայացուցիչներ և ոլորտի հետաքրքրված անձիք քննարկել են համայնքներում կանանց առաջնորդության, համամասնական ընտրակարգի, գենդերազգայուն քաղաքականության և մասնակցային կառավարման հարցերը։ Ֆորումի արդյունքում մասնակիցների առաջարկությամբ ստեղծվել է առցանց հարթակ, որտեղ նրանք կշարունակեն քննարկել կանանց մասնակցությանն ու տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել