Վահրամ Դումանյան. «Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի գլխավորած պատվիրակությանը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավար Ջոաննա Բուրքի այցը: Վերջինս Հայաստան է ժամանել մեր երկրում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Ջոաննա Բուրքը, ով պատասխանատու է 15 երկրներում խորհրդի գործունեության համար, կարևորել է ԿԳՄՍ նախարարության հետ սերտ ու հաջողված գործընկերային հարաբերությունները:

Վահրամ Դումանյանը, շնորհավորելով Հայաստանում Բրիտանական խորհրդի գործունեության 20-ամյակը, շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով նախարարության համակարգման բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը և փորձի փոխանակումները, որոնք կարող են նոր հնարավորություններ ստեղծել համագործակցությունն ընդլայնելու համար: 

Անդրադառնալով համագործակցության հեռանկարներին՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողներին դասավանդող դասախոսների համար անգլերենի վերապատրաստման  ծրագրերի իրականացումը՝ առաջարկելով դիտարկել դասախոսների համար անգլերենի վերապատրաստման և գնահատման ծրագրային ձևաչափի ներդրման և իրականացման հնարավորությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև ՀՀ մարզերում անգլերենի ուսուցման բարելավմանն ուղղված աշխատանքներին՝ «Անգլերենի ակումբներ» ծրագրի իրագործումը դիտարկելով որպես հանրակրթական դպրոցներում անգլերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների հզորացման հնարավորություն:

Ջոաննա Բուրքը գնահատել է բարձրացված հարցերի կարևորությունն ու խոստացել աջակցել դրանց լիակատար իրագործմանը:

Նրա առաջարկով՝ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել է քայլեր ձեռնարկել նաև օտարերկրացի ուսանողների՝ ցանկության դեպքում Հայաստանում հեռավար եղանակով կրթություն ստանալու հնարավորության ապահովման համար. «Անգլիական հրաշալի համալսարանների հետ մենք, կարծում եմ, չիրացված մեծ ներուժ և հնարավորություններ ունենք: Վստահ եմ՝ խնդիր չունենք ինչպես առկա, այնպես էլ հեռավար ձևաչափով բարձրագույն կրթության կազմակերպման համար: Անկասկած, մեզ մոտ էլ կլինեն երիտասարդներ, որոնք կցանկանան կրթություն ստանալ բրիտանական առաջատար համալսարաններում: Պատրաստ ենք ամենասեղմ ժամկետներում լարել մեր բոլոր ռեսուրսները՝ նմանօրինակ հնարավորությունն իրականություն դարձնելու համար»:

ԿԳՄՍ նախարարը Բրիտանական խորհրդի տարածաշրջանի ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով նախարարության հետ իրականացվող համատեղ ծրագրերը, և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել