1. Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը:
2. Ոստիկանության ծառայողների մրցույթն իրականացվում է «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչի բովանդակությանը համապատասխանող լրացուցիչ կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, անվճար: Վերապատրաստման դասընթացներն ավարտած ոստիկանության ծառայողներին տրվում է սահմանված նմուշի վկայական, առնվազն պահպանվում է նրանց կոչումը, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրերը` Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը:
3. Ուսուցման տևողությունը 5 ամիս է:
4. Նախնական մասնագիտական կրթական ծրագրով սովորողները «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն, համարվում են ոստիկանության ծառայողներ, և նրանք ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով՝ 68.000 ՀՀ դրամ (հաշվարկային):
5. Լրացուցիչ կրթական ծրագրով սովորող ոստիկանության ծառայողները ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են ուսման նպատակով գործուղված ոստիկանության ծառայողների համար օրենքով սահմանված աշխատավարձ:
6. Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից մինչև 35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Արական սեռի քաղաքացիները ընդունելության համար կարող են դիմել, եթե բացի վերոնշյալ պայմաններից, անցել են պարտադիր զինվորական ծառայություն կամ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով, 5-րդ մասով կամ 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից (պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու մասին պայմանը չի վերաբերում իգական սեռի դիմորդներին):
7. Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել ոստիկանության ծառայողները, բացառությամբ.
1) հեռակա ուսուցման ձևով ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողների, ինչպես նաև ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորողների.
2) 40 տարեկանը լրացած իգական և 45 տարեկանը լրացած արական սեռի ոստիկանության ծառայողների.
3) զբաղեցրած պաշտոնում մեկ տարվանից պակաս ծառայության ստաժ ունեցող ոստիկանության ծառայողների, բացառությամբ Պարեկային ծառայության ձևավորմամբ պայմանավորված լուծարվող ստորաբաժանումների («Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն, ինչպես նաև Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի պարեկապահակակետային ծառայություն իրականացնողներ) ծառայողների:
8. Դիմորդի (ոստիկանության ծառայողի) տարիքը և ոստիկանության ծառայողի ծառայության ստաժը հաշվարկվում է 2023 թվականի ապրիլի 7-ի դրությամբ:
9. Ընդունելություն-մրցույթի համար սահմանվում է 488 տեղ, որից՝
1) 128 տեղը Արարատի մարզի համար (90 տեղը արական սեռի, իսկ 38 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
2) 153 տեղը Արմավիրի մարզի համար (107 տեղը արական սեռի, իսկ 46 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
3) 77 տեղը Վայոց ձորի մարզի համար (54 տեղը արական սեռի, իսկ 23 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար),
4) 130 տեղը Սյունիքի մարզի համար (91 տեղը արական սեռի, իսկ 39 տեղը՝ իգական սեռի դիմորդների (ոստիկանության ծառայողների) համար) :
10. Դիմորդները և ոստիկանության ծառայողները առողջական վիճակի ստուգման նպատակով մինչև ստուգումներին մասնակցելու թույլտվություն ստանալը ոստիկանության բժշկական հանձնաժողովում անցնելու են բժշկական հետազոտում, որի բացասական արդյունքի դեպքում նրանց չի թույլատրվի մասնակցել ընդունելության (մրցույթի) ստուգումներին: Բժշկական հետազոտումն իրականացվելու է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող առողջական վիճակի հետ կապված պահանջներին համապատասխան:
11. Դիմորդը կրթահամալիր է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը,
1) անձը հաստատող փաստաթուղթը (նույնականացման քարտ կամ սոցիալական քարտ և անձնագիր կամ, անձնագրի փոխարեն, անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ)՝պատճենով,
2) դիմում՝ ըստ Հավելված 1-ի (կարող է լրացվել տեղում),
3) կրթության մասին վկայական`դիպլոմ կամ ատեստատ՝ պատճենով,
4) 4 լուսանկար (4×6 չափսի),
5) զինգրքույկ (արական սեռի դիմորդների համար),
6) մերձավոր ազգականների (հայր, մայր, քույր, եղբայր, ամուսին, ամուսնու հայր, մայր, քույր, եղբայր, զավակ) անձնագրերը, անչափահաս լինելու դեպքում` ծննդյան վկայականը, մահացած լինելու դեպքում` մահվան վկայականը և դրանց պատճենները, դիմորդի ամուսնացած լինելու դեպքում` նաև ամուսնության վկայականը,
7) տեղեկանք բնակության և հաշվառման վայրերից,
8) «B» կարգի վարորդական վկայական՝ պատճենով կամ պարտավորագիր՝ դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում «B» կարգի վարորդական վկայականը ներկայացնելու վերաբերյալ ՝ ըստ Հավելված 2-ի (կարող է լրացվել տեղում):
12. Դիմորդը դիմումի մեջ նշում է, թե ընդունելության սահմանված տեղերից կոնկրետ որ մարզի համար է մասնակցում մրցույթին: Դիմորդի կողմից դիմումի մեջ նշված մարզի հետագա փոփոխություն չի թույլատրվում: Եթե մրցույթի ընդհանուր արդյունքների ամփոփումից հետո առանձին մարզերի համար մնան թափուր տեղեր, ապա այդ տեղերը կհամալրեն այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), ովքեր հարցազրույցի արդյունքներով ստացել են դրական որոշում, չեն անցել իրենց կողմից նշված մարզի տեղերի մրցույթով, սակայն սահմանված ժամկետում ընդունող հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումով ցանկություն են հայտնել համալրել թափուր տեղերը: Այդ դեպքում թափուր տեղերը համալրելու առաջնահերթությունը տրվում է ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների առավել բարձր հանրագումար ունեցող դիմորդներին (ոստիկանության ծառայողներին):
13. Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի համար հայտարարված մրցութային տեղերի համալրումից հետո, հաշվի առնելով այլ մարզերում պարեկային ծառայության ստորաբաժանումներում թափուր հաստիքները համալրելու անհրաժեշտությունը, այդ տեղերի համար կարող են հավակնել հարցազրույցի արդյունքներով դրական որոշում ստացած, սակայն Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի համար հայտարարված մրցութով չանցած այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), ովքեր սահմանված ժամկետում ընդունող հանձնաժողովի նախագահին ներկայացված դիմումով ցանկություն կհայտնեն համալրել թափուր տեղերը: Այդ դեպքում թափուր տեղերը համալրելու առաջնահերթությունը տրվում է ընդունելության (մրցույթի) ստուգումներից հավաքած միավորների առավել բարձր հանրագումար ունեցող դիմորդներին (ոստիկանության ծառայողներին):
14. Դիմորդը դիմումի մեջ պետք է նշի նաև իր էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև առկայության դեպքում՝ սոցիալական ցանցերում (Facebook, Instagram, Odnoklassniki և այլն) անձնական հաշիվների հղումները (էլեկտրոնային հասցեները) ու օգտատիրոջ անունները:
15. Ոստիկանության ծառայողը մրցույթին մասնակցելու համար ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի միջոցով զեկուցագիր է ներկայացնում ՀՀ ոստիկանության պետին: Զեկուցագրին կցվում է ծառայողական բնութագիրը: Զեկուցագրում ոստիկանության ծառայողը պետք է հավաստի, որ ունի «B» կարգի վարորդական վկայական կամ պարտավորվի մրցույթով անցնելու դեպքում դասընթացները սկսելու օրվանից երկու ամսվա ընթացքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետին ուղղված զեկուցագրով հավաստել «B» կարգի վարորդական վկայականը ձեռք բերելու փաստը: Ոստիկանության ծառայողը զեկուցագրում պետք է ներառի սույն հայտարարության 13-րդ և 14-րդ կետերում նշված տեղեկությունները։
16. Դասընթացները սկսելու օրվանից սահմանված ժամկետում «B» կարգի վարորդական վկայականը չներկայացնելու դեպքում սովորողի ուսումնառությունը դադարեցվում է:
17. Դիմորդների ընտրության մասին որոշումն ընդունում է ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծված` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի դիմորդների ընտրության մանդատային հանձնաժողովը՝ ուսումնասիրության նյութերի հիման վրա:
18. Ընդունելություն-մրցույթի ստուգումների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով ՀՀ ոստիկանության պետի հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով:
19. Ընդունելություն-մրցույթին մասնակցելու թույլտվություն ստացած դիմորդը (ոստիկանության ծառայողը) մանդատային հանձնաժողովի կողմից որոշում կայացնելուց (ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում նյութերի ուսումնասիրությունից) հետո, ընդունելության ստուգումների կազմակերպման և անցկացման նպատակով յուրաքանչյուր ստուգման ձևի համար ՀՀ ՖՆ գործառնական վարչություն հ/հ 900018005018 հաշվեհամարին վճարում է 1500 (դրամ ընդհանուր՝ 3000 դրամ)՝ նպատակը դաշտում նշելով «ընդունելության ստուգումների վճար»: Վճարման անդորագիրը դիմորդը ներկայացնում է քննական թերթիկ ստանալու ժամանակ: Անկախ ընդունելություն-մրցույթին մասնակցելուց և դրա արդյունքից՝ վճարված գումարը հետ չի վերադարձվում:
20. Ընդունելություն-մրցույթի ստուգումները անցկացվում են հայերենով:
21. Ընդունելություն-մրցույթի ստուգումներն են.
1) ֆիզիկական պատրաստականության ստուգումը,
2) մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումը (թեստավորումը), որի միջոցով ստուգվում են դիմորդի ընդհանուր գիտելիքներն ու հոգեբանական նկարագիրը:
22. Ընդունող հանձնաժողովն իրավունք ունի ծածկագրից օգտվող կամ ստուգման բնականոն ընթացքը խանգարող դիմորդին (ոստիկանության ծառայողին) զրկելու տվյալ և հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
23. Ստուգումների արդյունքները դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) հայտնվում են ստուգման օրը: Դիմորդը (ոստիկանության ծառայողը) իրավունք ունի ընդհանուր գիտելիքների ու հոգեբանական նկարագրի համակարգչային թեստավորման արդյունքները բողոքարկել ընդունող հանձնաժողովին՝ գնահատականը հայտնելու պահից 24 ժամվա ընթացքում:
24. Ֆիզիկական պատրաստականության ստուգումն իրականացվում է ՀՀ կառավարության 23.01.2003թ. թիվ 175-Ն որոշմամբ հաստատված՝ ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներին համապատասխան՝ ըստ բժշկատարիքային խմբերի:
25. Անհարգելի պատճառով ստուգման չներկայացած կամ անբավարար գնահատական ստացած դիմորդը (ոստիկանության ծառայողը) զրկվում է հետագա ստուգմանը մասնակցելու իրավունքից:
26. Հարգելի պատճառով (փաստաթղթերով հաստատված) ստուգմանը չներկայացած դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) թույլատրվում է հանձնել այն, եթե ժամանակացույցով տվյալ ստուգման ձևի համար սահմանված ժամկետը չի ավարտվել:
27. Ընդունելություն-մրցույթի յուրաքանչյուր ստուգումից դրական միավորներ հավաքած դիմորդները (ոստիկանության ծառայողները) անցնում են հարցազրույց:
28. Հարցազրույցի ընթացքում հարցազրույցի հանձնաժողովն ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված հարցաշարի միջոցով ստուգում է դիմորդների (ոստիկանության ծառայողների) անձնական որակները և արժանիքները, բարեվարքությունը, հոգեբանական նկարագիրը, ներառյալ ինքնատիրապետման, վարվեցողության, ունկնդրելու կարողության և հաղորդակցության հմտությունները։
29. Հարցազրույցի արդյունքներով, հանձնաժողովի անդամների բաց քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ յուրաքանչյուր դիմորդի (ոստիկանության ծառայողի) համար կայացվում է դրական կամ բացասական որոշում: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է համարվում հանձնաժողովի նախագահի ձայնը: Բացասական որոշում կայացնելու դեպքում դիմորդը համարվում է ընդունելություն-մրցույթը չանցած:
30. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ մրցույթով անցած են համարվում այն դիմորդները (ոստիկանության ծառայողները), որոնց նկատմամբ հարցազրույցի արդյունքներով կայացվել է դրական որոշում, և որոնք ընդունելություն-մրցույթի ստուգումներից հավաքած միավորների հանրագումարով զբաղեցրել են ընդունելություն-մրցույթի սահմանված տեղերը:
31. Հավասար միավորների դեպքում ընդունելություն-մրցույթում ըստ հերթականության առավելությունը տրվում է այն դիմորդներին (ոստիկանության ծառայողներին)՝
1) ում ավարտական փաստաթղթի գնահատականների միջին թվաբանականն ավելի մեծ է,
2) ովքեր մասնագիտական պիտանելիության համապատասխանության համալիր ստուգումից (թեստավորում) ստացել են ավելի բարձր միավոր:
32. Ստուգումները հանձնած, սակայն ընդունելություն-մրցույթով չանցած դիմորդներին (ոստիկանության ծառայողներին) իրենց ցանկությամբ տրվում է ստուգումների արդյունքների մասին համապատասխան տեղեկանք:
33. Ընդունելություն-մրցույթով անցած դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: Ընդունելություն-մրցույթով անցած ոստիկանության ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր:
34. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա`
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը,
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից,
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից,
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
35. Ուսումնառության համար ընդունված անձը (դիմորդը և ոստիկանության ծառայողը) չի հատուցում ուսման (վերապատրաստման) համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո`
1) ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան երկու տարի.
2) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, uտորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ.
3) ոստիկանությունում ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
36. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած դիմորդները համարվում են սովորող՝ ՀՀ ոստիկանության պետի կամ կրթահամալիրի պետի հրամանով:
37. Ընդունող հանձնաժողովի որոշմամբ ընդունելություն-մրցույթով անցած ոստիկանության ծառայողները ոստիկանության պետի հրամանի հիման վրա ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամաններով գործուղվում են կրթահամալիր՝ վերապատրաստման:
38. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը ներառյալ, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 09.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:
39. Ոստիկանության ծառայողները մրցույթին մասնակցելու համար զեկուցագրերը պետք է ներկայացնեն 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2023 թվականի հունվարի 27-ը ներառյալ:
40. Ընդունելություն-մրցույթի ստուգումները և հարցազրույցները կանցկացվեն 2023 թվականի փետրվարի 27-ից մինչև ապրիլի 7-ը ներառյալ:
41. Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել հետևյալ միջոցներով`
1) ՀՀ արդարադատության նախարարություն՝ հեռ. +37410594012, էլ.փոստ [email protected],
2) ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ հեռ. +37410778033, էլ.փոստ [email protected],
3) ՀՀ ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն՝ հեռ. +37411584971: