Երբ մենք Ադրբեջանի 5 կետերից հետո իրենցից ստացել ենք խաղաղության պայմանագրի տեքստը, կարող եմ ասել, որ այդ տեքստը, ըստ մեզ, այդքան էլ խաղաղության համաձայնագրի նման չէր: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատելիս այն դարձրել էր շրջանակային խաղաղության համաձայնագիր: Ո՞րն է պատճառը, որ մենք ուզում էինք, որ այն դառնա շրջանակային խաղաղության համաձայնագիր: Որովհետև եթե ուզում ենք, որ համընդհանուր կարգավորում լինի, պետք է բոլոր խնդիրներում շրջանակային համաձայնության գալ, թե ոնց ենք առաջ շարժվելու, դա կլինի դելիմիտացիա, կլինի ապաշրջափակում, կլինի Լեռնային Ղարաբաղ և այլն, և մեր աշխատանքի արդյունքում մենք դարձրել էինք շրջանակային խաղաղության համաձայնագիր:
Այսինքն եթե մենք ուզում ենք երկարաժամկետ խաղաղության, ապա դա հնարավոր է անել, եթե հնարավորինս փորձենք անդրադառնալ բոլոր հարցերին: Հայկական կողմի մոտեցումը շարունակում է մնալ այսպիսին և բանակցում ենք, որ այն լինի շրջանակային: Ցաքուցրիվ մի քանի հարցի անդրադառնալով դժվար կլինի խաղաղության հասնել մեր տարածաշրջանում»,-ասաց նա: