Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի մասով ադրբեջանական կողմի առաջարկներին, որը փոխանցվել էր հայկական կողմին․ «Տեքստի վրա շարունակում ենք աշխատել, և մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»։
ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ հայկական կողմը իր ամբողջ ջանքերը կներդնի, որպեսզի մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքվի:
«Հայաստանը՝ ի դեմս իշխանության, իր ամբողջ ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք ունենալ խաղաղության պայմանագիրը: Հիմա ավելի մոտիկ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ կստացվի, բայց շարունակելու ենք աշխատել և աշխատանքների արդյունքներից է կախված այդ ամենը»,- նշեց Գրիգորյանը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Գրիգորյանը միայն ասաց, որ դեռևս վերջնական որոշումը չկա՝ խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու:
«Վաշինգտոնում համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը քննարկեն Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա: Նաև հստակություն չկա խաղաղության պայմանագրո՞վ է դա արվելու, թե՞ խաղաղության պայմանագրից դուրս: Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, կողմ է, որպեսզի մեխանիզմ ստեղծվի, քննարկում տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության վերաբերյալ»,- եզրափակեց Գրիգորյանը: