ԱԺ-Կառավարությունը հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին․ «Պարո՛ն նախարար, ԵԱՀԿ նախարարական համաժողովի ընթացքում Հայաստանը և Հունգարիան հայտարարեցին դիվանագիտական հարաբերությունների լիարժեք վերականգնման մասին: Կխնդրեի հնարավորինս մանրամասն ներկայացնել այս քայլերի և դրան նախորդած գործընթացների մասին: Նաև Հայաստանը սառեցրել էր հարաբերությունները Հունգարիայի հետ Ռամիլ Սաֆարովի արտահանձնման պատճառով, և արդյոք Հայաստանը փոխել է իր դիրքորոշումն այս հարցի առնչությամբ»:
Միրզոյանը նշեց՝ իսկապես այդպիսի հանդիպում եղել է, և ձեռք է բերվել այդպիսի պայմանավորվածություն:
«Այդ մասին մեր և Հունգարիայի կողմից եղել է նաև հրապարակային հայտարարություն: Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ Ձեր մատնանշած իրադարձությունների վերաբերյալ մեր գնահատականը չի փոխվել: Իսկապես, մենք ինչպես որ ընկալում էինք իրավիճակը, այն է՝ հունգարական իշխանությունները հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած և հունգարական դատարանով դատապարտված հանցագործին չպետք է արտահանձնեին Ադրբեջանին, մեր ընկալումները նույնն են: Բայց, միևնույն ժամանակ, այդ իրադարձությունները հիշելով` հիշում ենք նաև անցած տարի դեկտեմբերին Հունգարիայի գործադրած ջանքերը հինգ հայ ռազմագերիների ազատ արձակման ուղղությամբ: Հունգարական իշխանությունների ներկայացուցիչներն անձամբ հասան Բաքու և հինգ ազատ արձակվող գերիների հետ միասին եկան Երևան, կարելի է ասել բերեցին ազատ արձակված գերիներին»,-նշել է նա՝ հավելելով, որ չեն կարող չնկատել հունգարական իշխանությունների աջակցությունը COVID-ի դեմ պայքարի շրջանակներում: Միրզոյանի խոսքով՝ մոտ հարյուր հազար դեղաչափ է տրամադրվել Հայաստանին:
Ըստ նրա՝ ընտրություն պետք է կատարել ավելի շատ դրականի և ապագայի համար, ինչը և արվել է․ «Առաջիկայում, պարոն Բաքոյան, կլսեք մեր երկու երկրների կողմից դեսպանների նշանակման մասին»։