ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը:
Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Աշխատակարգով կարգավորվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարաններում ավարտական և 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը, որը ներառում է քննությունների հայտագրումը, կազմակերպումը, անցկացումը, ստուգումը, գնահատումը, արդյունքների հրապարակումը և բողոքարկումը:
4-րդ դասարանում գիտելիքների ստուգումն անցկացվում է.
- «Մայրենի» առարկայից` գրավոր (թեստ).
- «Մաթեմատիկա» առարկայից` գրավոր (թեստ).
- Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար նաև՝ «Ռուսաց լեզու» առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում.
- Ազգային փոքրամասնությունների դասարաններում նաև՝ իրենց մայրենի լեզու և գրականություն առարկայից` բանավոր` քննաշրջանի ընթացքում:
Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են հաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգումն անցկացվում է հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 15 օրվա ընթացքում:
9-րդ դասարանի սովորողները հանձնում են ավարտական քննություններ.
- «Հայոց լեզու» առարկայից` գրավոր թեստ.
- «Գրականություն» առարկայից՝ բանավոր.
- «Հայոց պատմություն» առարկայից՝ բանավոր.
- «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր․
- «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ գրավոր (թեստ).
- «Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ) առարկայից՝ բանավոր.
- «Ֆիզկուլտուրա» առարկայից` քննաշրջանի ընթացքում (նորմատիվների հանձնում).
- Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար սահմանված գիտելիքների ստուգումն անցկացվում է նաև «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` քննաշրջանի ընթացքում.
- Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար անցկացվում է նաև գիտելիքների ստուգում «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից՝ բանավոր՝ քննաշրջանի ընթացքում:
«Գրականություն», «Հայոց պատմություն» և «Օտար լեզու» առարկաների 9-րդ դասարանների ավարտական քննությունների տոմսերը կազմում են հաստատության մեթոդմիավորումները՝ ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված և տրամադրված հարցաշարերի և տոմսերի նմուշների: «Գրականություն» և «Օտար լեզու» առարկաների ավարտական քննական առաջադրանքների հարցաշարերը և տոմսերի նմուշները կազմվում են 7-9-րդ դասարանների ծրագրային նյութից, «Հայոց պատմություն» առարկայի քննական առաջադրանքները՝ 6-9-րդ դասարանների ծրագրային նյութից:
9-րդ դասարաններում ավարտական քննություններն անցկացվում են հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում: 9-րդ դասարանի ավարտական քննություններ հանձնողների հայտերը հաստատության տնօրենը լրացնում և ԳԹԿ-ին է փոխանցում փետրվարի 20-ից մինչև մարտի 15-ը:
12-րդ դասարանում շրջանավարտները հանձնում են պետական ավարտական քննություններ.
- «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից՝ գրավոր (թեստ).
- «Հայոց պատմություն» առարկայից՝ գրավոր (թեստ).
- «Մաթեմատիկա» առարկայից՝ գրավոր (թեստ).
- «Ֆիզկուլտուրա» առարկայից` նորմատիվների հանձնում (ստուգարք) հունիսի 6-րդ աշխատանքային օրվանից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում,
- «Ռուս գրականություն» առարկայից՝ բանավոր` (ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում.
- «Մայրենի լեզու և գրականություն» առարկայից բանավոր` (ազգային փոքրամասնությունների դասարանների համար)՝ քննաշրջանի ընթացքում:
12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվում են հունվարի երկրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվանից՝ 10 օրվա ընթացքում և հունիսի առաջին աշխատանքային օրվանից՝ 30 օրվա ընթացքում:
Հունվարին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև դեկտեմբերի 10-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին. հեռավար ուսուցման դեպքում կարելի է դիմել էլեկտրոնային փոստով: Հաստատության տնօրենը դեկտեմբերի 15-ից մինչև 30-ը` ժամը 12։00-ը, քննություններ հանձնողների դիմում-հայտերը էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
Հունիսին կազմակերպվող պետական ավարտական քննություններին մասնակցելու համար սովորողները մինչև ապրիլի 1-ը գրավոր դիմում են հաստատության տնօրենին: Հաստատության տնօրենն ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ՝ քննություններ հանձնողների դիմում-հայտերն էլեկտրոնային եղանակով փոխանցում է ԳԹԿ-ին:
Միասնական քննությանը մասնակցող սովորողը պետական ավարտական քննություն կարող է հանձնել այն առարկայից, որը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով: Ե՛վ հունվարին, և՛ հունիսին միասնական քննություններ հանձնած սովորողի ավարտական փաստաթղթում լրացվում է միասնական քննության ավարտական մասի ավելի բարձր դրական գնահատականը։
Միևնույն առարկայից և՛ միասնական, և՛ պետական ավարտական քննություն հանձնելու դեպքում միջնակարգ կրթության ատեստատում լրացվում է միասնական քննության ավարտական մասի գնահատականը (միավորը):
9-րդ և 12-րդ դասարանում ավարտական և պետական ավարտական քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված շտեմարաններից և հաստատությունում գործածվող դասագրքերից և (կամ) ձեռնարկներից:
Ուսման մեջ գերազանց առաջադիմության համար ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարության գերազանցության մեդալի հավակնորդները «Հայոց լեզու և հայ գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաներից միասնական քննություններին կարող են մասնակցել հունվարին կամ հունիսին, իսկ նույն առարկաները որպես ավարտական քննություններ ընտրելու դեպքում՝ միայն հունիսին:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք` մտավոր հետամնացություն ունեցող սովորողների հաջորդ դասարան փոխադրումը կատարվում է անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա (ԱՈՒՊ):