«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Գրիգորյանը, ով հայտարարել է 2023 թվականին Երևանի ավագանու ընտրություններում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին, անդրադառնալով վերջին օրերին մայրաքաղաքի տոնական լուսավորության աշխատանքների ժամանակ թույլ տրված քաղաքաշինական նորմերի կոպիտ խախտումներին, հիշեցնում է, որ Երևանի նկատմամբ տարբեր իշխանությունների բարբարոսական վերաբերմունքը սկիզբ է առնում դեռևս հեռավոր 90-ականներից։
Նա նշում է, որ Դատախազությունում բազում գործեր կան Երևանի պատմամշակութային ժառանգության ոչնչացման հետ կապված, մինչդեռ լիազոր մարմինը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ձև է տալիս, որ տեղյակ չէ դրա մասին, իսկ հրաշքով մեզ հասած հատուկենտ հուշարձանների ճակատագրի նկատմամբ էլ ցուցաբերում է հանցավոր անտարբերություն․
«Վերջին օրերին Երևանի տոնական լուսավորության աշխատանքների ընթացքում թույլ տրված քաղաքաշինական նորմերի խայտառակ խախտումները, որի արդյունքում Հանրապետության Հրապարակի եզակի ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի տուֆե պատերը բառի բուն իմաստով վերածվեցին մաղի, նորից սևեռեցին հասարակության ուշադրությունը մայրաքաղաքի խնդիրների, մասնավորապես, պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունների անմխիթար վիճակի վրա։
Մինչդեռ, ինչպես նշել եմ այս թեմայով նախորդ գրառումներումս, այս խնդիրները նոր չեն, դրանց արմատները ծայր են առել դեռևա հեռավոր 90-ականներից։ Միայն Հյուսիսային Պողոտայի, Կասկադի, Բյուզանդի և Արամի փողոցների կառուցապատման ժամանակ ոչնչացվել են տասնյակ պատմական շենքեր։ Պատմամշակությաին ժառանգություն համարվող շատ շենքեր էլ կոպեկներով սեփականաշնորհվել են ապօրինի գործարքների արդյունքում։ Դրա մասին են վկայում ՀՀ Գլխավոր դատախազությունում հարուցված վարույթները։
Միայն «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության դիմումի հիման վրա՝ կապված Կասկադի և Հյուսիսային պողոտայի կառուցապատման ընթացքում Պուշկինի, Արամի, Թումանյանի, Աբովյանի, Տերյանի, Հին Երևանցու փողոցներում պատմամշակութային շինությունների ոչնչացման և վնասման փաստերի հետ, հարուցված են տասնյակ վարույթներ։ Մեկ այլ վարույթ կա կապված Արամի փողոցի վրա գտնվող Արամ Մանուկյանի առանձնատան ոչնչացման փաստով։ Ի դեպ՝ Արամի 9-ը հասցեում գտնված այս ունիկալ շենքը պաշտոնապես ներառված էր ՀՀ պատմամշակութային օբյեկտների ցանկում, բայց դա չփրկեց կառույցը անարխիայի զոհ դառնալուց։ Առանձին վարույթներ են հարուցված «SIL Plaza-ի» և ԱՕԿՍ-ի շենքերի ապօրինի սեփականաշնորհման գործարքների հետ։ Վերջինս ի դեպ սեփականաշնորհվել է հենց մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի ձեռամբ և կողմից՝ ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Արմեն Սմբատյանի հետ համատեղ։ Հիմա երկուսն էլ թաքնվում են արդարադատությունից։ Իսկ եզակի այս շենքը մատնված է անտերության։
Եվ սա միայն փաստերի մի մասն է։ Վստահ եմ, որ հետևողականության դեպքում Դատախազությունը պետք է ուսումնասիրի և վարույթներ հարուցի Կառավարություն-2 (ԱԳՆ նախկին շենք) շենքի Էռնեկյանի կողմից սեփականաշնորհման մութ գործարքի, նախկին Մանկական հանրախանութի Արա Աբրամյանի կողմից կոպեկներով սեփականաշնորհման գործարքի, երկրորդ բուժմիավորման պատմական շենքի գեներալ Սեյրան Սարոյանի կողմից ապօրինի սեփականաշնորհման փաստերի հիման վրա։ Ի դեպ պատմական արժեք ներկայացնող այս շենքերը ներկայումս բարձիթողի վիճակում են և դատապարտված են վթարային դառնալու հեռանկարին։
Իսկ ինչ է այս ամենի մասին մտածում պատկան մարմինը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Պարզվում է ոչինչ էլ չի մտածում։ Նախարարությունից և քաղաքապետարանից հավաստում են միայն, որ Արամի և Բյուզանդի փողոցների պատմական որոշ շենքերի քարեր համարակալվել են և այս պահին գտնվում են «Երևանշին» կազմակերպության հատուկ պահպանվող տարածքում, հետագայում «Հին Երևան» ծրագրի շրջանակներում վերականգնելու նպատակով։ Նշեմ, որ այդ ծրագիրը արդեն տասնամյակներ շարունակ դոփում է տեղում, և իրականացման վերջնաժամկետները հայտնի չեն։
Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ԿԳՄՍ-ից հասկացրել են, որ պատմական շենքերի սեփականաշնորհումից հետո իրենք, այսպես ասած, «ձեռքերը լվանում են» դրանցից։ «Սեփականաշնորհումից հետո շենքերի բարեկարգման, նորոգման և այլ աշխատանքներով պարտավոր են զբաղվել սեփականատերերը՝ նախագծերը նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ: Վերականգնման նախագծեր ստանալու պարագայում ԿԳՄՍ նախարարությունը դրանք սահմանված կարգով կքննարկի»,- ասված է նախարարության պատասխանի մեջ:
Իսկ եթե սեփականատերը չի կատարում իրեն օրենքով վերապահված պարտավորությունները, ապա պատժվում է օրենքի ողջ խստությամբ, հավաստում է ԿԳՄՍ-ն։ Միայն թե մինչ օրս ոչ մի անսրտացավ սեփականատեր, ով սեփականաշնորհումից հետո իր ձեռք բերած պատմական գույքը մատնել է անտերության, այդպես էլ օրենքով չի պատժվել։
Իսկ ինչ են այս ամենի առնչությամբ ասում այլ լիազոր մարմիններ՝ օրինակ Պետգույքի կառավարման և Քաղաքաշինության կոմիտեները։ Պարզվում է, որ նրանք էլ պատմամշակութային ժառանգության ոչնչացման և բարբարոսական վերաբերմունքի մասին փաստեր չունեն։ Երկու կառույցներն էլ հավաստում են, որ «քաղաքաշինական ծրագրերի իրականացման շրջանակում պատմամշակութային արժեք ներկայացնող շենքեր չեն ոչնչացվել»։ Ու սա այն դեպքում, որ, ինչպես նշեցինք ավելի վաղ, Դատախազությունում պատմամշակութային ժառանգություն համարվող շենքերի ոչնչացման առնչությամբ հարուցված է մի քանի վարույթ․․․»։