Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը։
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից:
Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին կողմ է քվեարկել 91 պատգամավոր։
Ավելի վաղ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնել էր, որ իրենք կողմ են ծրագրի ներդրմանը:
««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային եւ զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ` «Պաշտպան հայրենյաց»: Ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի: «Ինչպես նաեւ` պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»,- մանրամասնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունման շրջանակում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկներ, որոնք չեն ընդունվել: Կառավարության նախաձեռնությամբ օրենքների նախագծերում կատարվել են տեխնիկական լրացումներ եւ փոփոխություններ: