Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման արարողություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում տեղի է ունեցել Երևան քաղաքի և մարզային բաժինների՝ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնին նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը։ 

Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ 13 նորանշանակ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը, շնորհավորելով նորանշանակ հարկադիր կատարողներին, նրանց մաղթել է բարի ծառայություն և նվիրվածություն՝ անշեղորեն իրականացնելու ծառայողական պարտականությունները։ 

«Բավականին լուրջ առաքելություն եք իրականացնելու, որն անմիջականորեն շոշափում է մեր քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը։ Այստեղ է, որ պետք է լինեք աչալուրջ և նրբանկատ։ Ծառայությունը տևական ժամանակ է՝ լուրջ բարեփոխումների իրականացման ճանապարհ է անցնում, և դուք այդ բարեփոխումների առաջամարտիկներն եք լինելու։ Դուք եք փորձարկելու կատարված փոփոխությունները, քննության առնելու այդ բարեփոխումների արդյունքները։ Ձեզնից ակնկալիքները մեծ են։ Եղեք պատասխանատու, կազմակերպված, գործեք օրենքի տառին և իրավունքի ոգուն համապատասխան՝ չանտեսելով բարոյականության նորմերը և հանրային ծառայողի վարքագծի կանոնները»,- նշել է Սերգեյ Մեղրյանը։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել