ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով․ Արտակ Զեյնալյան

Այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով, որով ճանաչել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել իրավաբան Արտակ Զեյնալյանը։

«Հայաստանյան դատարանները մերժել էին վարույթ ընդունել և քննել դատավորի հայցը, որով բողոքարկվում էր Արդարադատության խորհրդի՝ իրեն պաշտոնից ազատելու մասին որոշման օրինականությունը: Հայաստանյան դատարանները ամրագրեցին, որ մարդը, եթե նա դատավոր է, Հայաստանում չունի և չպետք է ունենա իր իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշպանության իրավունք:

Հիշեցնենք, որ դատավորը 2011թ ակնհայտ անմեղ մեղադրյալի (կարճ ժամանակ անց, առանց դատարան հասնելու՝ արդարացվեց) կալանքը փոխարինել էր գրավով՝ դատական նիստին ներկա դատախազի համաձայնությամբ, սակայն նրա նկատմամբ հետապնդում սկսվեց, քանի որ դրա վերաբերյալ «վերևից» հրահանգ չէր ստացել և գործել էր՝ «ինքնագլուխ»: Նախորդ ռեժիմների ժամանակաշրջանում կալանքից նվազ խափանման միջոց նշանակելու հարցը որոշվում էր «Բաղրամյան 26 ում» և հրահանգը կարող էր դատավորին փոխանցվեր դատական ամենավերին պաշտոնից և դատավոր Մնացականյանը պատժվեց, որպեսզի որևէ այլ դատավորի մտքով չանցնի՝ շեղվել հաստատված կարգից. եթե չկա հրահանգ, որ կալանք չի կիրառվելու, ապա լռելյայն՝ պետք է կիրառվի կալանք:

Այսօրվա վճռում Եվրոպական դատարանը հայտարարել է, որ Կոնվենցիայի իմաստով և, Հայաստանի պարագայում, բացակայում է որևէ օբյեկտիվ հիմք, որով օրենսդիրը զրկել է դատավորին իր լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորությունից (տե՛ս վճռի կետ 57)։

Շատ կարևոր է այն հանգամանքը, որ դատավոր Մնացականյանի փաստաբանները՝ ես և Արա Ղազարյանը, այդ հիմնավորումները և փատարկները ներկայացրել էինք հայաստանյան դատարաններին, սակայն նրանք անտեսել էին մեր հիմնավորումները, իսկ դրանք բավարարելու և մարդու՝ դատավորի իրավունքները վերականգնելու լիազորություն, իրավասություն, պարտականություն ունեին հայաստանյան դատավորներն ու դատարանները: Թեև Եվրոպական դատարանը բավարարել է մեր բողոքը, սակայն, մեր վստահորդը 2021թ, ցավոք, հեռացավ կյանքից ու չտեսավ արդարության հաղթանակը:

Կարծում ենք, Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունը, արդարության հաստատելը մեր երկիրը չպետք է թողնի միջազգային դատական ատյաններին (որոնց վճիռներին հասնում են հազարավորներից հատուկենտները, այն էլ՝ 11 տարի անց ու, ոչ հազվադեպ՝ հետմահու), այլ՝ պետք է ինքը պաշտպանի ու վերականգնի: Հայաստան պետությունը, Նրա պաշտոնատար անձինք պետք է անկեղծորեն գիտակցեն (նվիրված լինեն գաղափարին), որ մարդը, նրա իրավունքները բարձրագույն արժեք են, որ իրենց պարտականությունն է դրանց հարգումն ու պաշտպանությունը, որ իրենք սահմանափակված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Շնորհավորում եմ Սամվել Մնացականյանի ընտանիքին, Հայաստանի հասարակությանը, գործընկերոջս՝ Արա Ղազարյանին այս կարևոր հաղթանակի համար:

Հ.Գ.
Կշարունակենք դատավոր Մնացականյանի իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել