Շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 1.5 տարեկան երեխա՝ դեմքի շրջանում ստացած այրվածքներով:
Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ի տարարածած հաղորդագրությունից։
«Ըստ ծնողների պատմածի՝ երեխան այրվածքը ստացել է տանը՝ էլեկտրական սալօջախի վրա պատահաբար ընկնելու հետեւանքով:
Երեխային բուժող բժիշկ, մանկական վնասվածքաբան Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ փոքրիկի մոտ առկա են 3-րդ աստիճանի այրվածքային վերքեր, նա ստանում է անհրաժեշտ բուժօգնություն, վիճակը բավարար է:
Մեկ անգամ եւս կոչ ենք անում տարվա հատկապես այս եղանակին խստորեն պահպանել անվտանգության կանոնները:
Էլեկտրական սալօջախները, տաքացուցիչները, թեյնիկներն ու նմանատիպ վտանգավոր իրերը հնարավորինս հեռու պահել երեխաներից, ցուցաբերել մաքսիմալ զգոնություն ու զգուշավորություն, հատկապես, երբ տանը կան մանկահասակ երեխաներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։