Դեկտեմբերի 3-ին, առավոտյան ժամը 9-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվեց հաղորդում, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել մի կալանավոր:
Բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ, 41-ամյա տղամարդը ահազանգից մոտ մեկ ժամ առաջ փախել էր հիվանդանոցի պետքարանի պատուհանից:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, Արարատի, Արտաշատի և այլ բաժինների, ինչպես նաև ազգային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների աշխատակիցների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը, ժամը 16.20-ի սահմաններում, կալանավորը հայտնաբերվեց Արարատի մարզի Ավշար գյուղում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: