Ոստիկանությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի և հարակից իրավական ակտերի նախագծերը։
Նշվում է, որ նախագծերի ընդունման արդյունքում կամրապնդվի ոստիկանության փոխհամագործակցությունը տնտեսվարող սուբյեկտների հետ, ինչն էլ կնպաստի հանցագործությունների կանխարգելմանը, դրանց արագ արձագանքմանն ու բացահայտմանը, կբարձրացնի աշխատանքի արագությունն ու արդյունավետությունը։
«Ներկայացված նախագծերի նպատակը հանցավորության դեմ պայքարում տնտեսավարող սուբյեկտների հետ համագործակցության կատարելագործումն է աշխատանքային նոր մեթոդների և ձևերի ներդրմամբ, որը տվյալ նախագծերի դեպքում պայմանավորված է ՀՀ-ում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում և լիցենզավորվող գործունեություն իրականացնող, իրենց գործունեության տարածքներում տեղադրել տեսանկարահանող համակարգեր, որոնց տեսագրությունները անհրաժեշտության դեպքում կտրամադրվեն ՀՀ ոստիկանությանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանությունն ուղիղ հասանելիություն կունենա այդ համակարգերին` «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով:
Այդ նպատակի իրականացման համար նախատեսվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Ոստիկանության մասին», «Առևտրի և ծառայությունների մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Գրավատների և գրավատնային գործունեության մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքներում, ինչպես նաև բանկային և վարկային կազմակերպությունների, դեղատնային գործունեության, զենքի առևտրի իրականացման, կրթական ծրագրերի և նախադպրոցական ծառայության իրականացման կարգերում` սահմանելով դրանց տարածքներում տեսահսկման համակարգեր ունենալու պահանջ:
Նշված գործընթացի կատարումը կնպաստի ՀՀ-ում հանցագործությունների հայտնաբերմանը, կանխմանը, բացահայտմանը, իրավախախտումներ ծնող պատճառների բացահայտմանն ու չեզոքացմանը, հետախուզման մեջ գտնվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հայտնաբերմանը` այդպիսով աջակցելով իրավապահ մարմիններին»,-նշվում է հիմնավորման մեջ: