Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Նախագծերի ընդունման նպատակն արհմիությունների ինստիտուտի դերի բարձրացումն է, ինչպես նաև բոլոր մակարդակներում սոցիալական գործընկերության զարգացման և խորացման նպատակով համապատասխան հիմքերի ապահովումն է՝ համապատասխանեցնելով նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել արհեստակցական միությունների գործիքակազմը, ապահովել գործուն արհեստակցական միությունների առկայություն, որոնք արդյունավետորեն կհամագործակցեն նաև գործատուների հետ՝ կոլեկտիվ աշխատանքային հարաբերությունների շրջանակներում։
Միաժամանակ, առաջարկվող լուծումներով արհեստակցական միությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը կհամապատասխանեցվի նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների (Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիա) պահանջներին։