Հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների։ Այս մասին ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդոււարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը, որ Բաքուն խաղաղ կարգավորման պայմանագրի նախագիծ է պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։
«Այո, ճիշտ է, հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների, այսինքն՝ կարելի է ասել՝ երրորդ փուլն է քննարկվում այդ առաջարկների։ Եվ քանի որ սրանք հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են, ես չեմ կարող բարձրաձայնել դրանք, բայց, այո, հայկական կողմը ստացել է Ադրբեջանից պատասխան առաջարկները»,- նշեց Աղաջանյանը։
Բայրամովը նաև հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մինչև տարեվերջ։ Լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է, որ երկրի ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով մինչև տարեվերջ հանդիպում տեղի ունենա կամ բանակցություններ սկսվեն, Աղաջանյանը ասաց․
«Ինչ վերաբերում է երկրի ղեկավարների մակարդակով կամ ԱԳ նախարարների հնարավոր հանդիպմանը մինչև տարեվերջ, կարծում եմ, այո, չի կարելի բացառել»,- ասաց Աղաջանյանը։