Շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև․ ադրբեջանագետ

Երեկվա «էկոլոգիական» սադրանքն ինձ հիշեցրեց, թե ինչպես էին ադրբեջանցիները տարբեր «էկոլոգիական» առիթներ օգտագործում 1988-1990 թթ. Ադրբեջանական ԽՍՀ-ում հայերի դեմ ջարդեր կազմակերպելու համար: Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Այսպես, 1988 թ. նոյեմբերին՝ Սումգայիթի ջարդերից մի քանի ամիս անց, Բաքվում կրքերը կրկին թեժանում են: Նոյեմբերի 17-ին Բաքվի Լենինի անվան հրապարակում կրկին հանրահավաք է սկսվում: Այս անգամ հակահայկական նոր հուզումների առիթ դարձավ Թոփխանայի շուրջ ստեղծված իրադրությունը:

Ադրբեջանի Կոմկուսի տպագիր օրգանը` “Коммунист” թերթը, հրապարակում է ԼՂԻՄ-ի Շուշի քաղաքի բնակիչների կողմից ստորագրված «Թոփխանայի ճիչը» վերտառությամբ նամակը, որտեղ նրանք իրենց բողոքն են հայտնում Շուշիի մոտակայքում Երևանի Քանաքեռի ալյումինի գործարանի բնակիչների համար հանգստյան տուն կառուցելու մտադրության առթիվ (“Вопль Топханы”): Այդ հոդվածում ադրբեջանցիները իրենց դժգոհությունն էին հայտնում, թե իբրև հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման նպատակով օգտագործվում են ադրբեջանական ռեսուրսներ, արվում են ծառահատումներ:

Այդ շրջանում շատ տարօրինակ էր ու սադրիչ թե՛ ԼՂԻՄ տարածքում հայ աշխատավորների համար հանգստյան գոտու կառուցման վերաբերյալ որոշումը և թե՛ դրան հաջորդող հակահայկականության նոր ալիքը, որի հետևանքով թիրախում հայտնվեց Գանձակի հայությունը: Փաստացի, «էկոլոգիական խնդիրը» օգտագործվեց հայերի դեմ հերթական անգամ ջարդեր կազմակերպելու համար:

Շատ զուգահեռներ կարող ենք անցկացնել ներկայիս իրադրության և 90-ականների զարգացումների միջև: Եթե այդ թեման հետաքրքրում է ձեզ, կարող եք կարդալ իմ մենագրությունը՝ «ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ 1988-1998 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ», որը հասանելի է նաև էլեկտրոնային տարբերակով»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել