Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոյեմբերի 23-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Վռամ Պետոյանը նոյեմբերի 23-ից ազատվել է «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։
Iravaban.net-ը հայտնում է, որ այս պաշտոնում արդեն նշանակում կատարվել է։ Քաղաքապետի որոշմամբ Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն է նշանակվել Ռոման Ամոյանը։
Նրա հետ 5 տարի ժամկետով պայմանագիր է կնքվել։ Ամոյանը տնօրենի պաշտոնը կզբաղեցնի մինչև 2027 թվականի նոյեմբերի 23-ը։
Հավելենք, որ Ռոման Ամոյանը ծնվել է 1983 թվականի սեպտեմբերի 3-ին, Երևանում։ Ազգությամբ եզդի հայաստանցի նախկին ըմբշամարտիկ է, Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2009թ․), Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն (2006թ․, 2011թ․), աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր (2009թ․, 2010թ․, 2013թ․), Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր մինչև 55 կգ քաշայինների հունահռոմեական ըմբշամարտում։ 2011 թվականին ընտրվել է Հայաստանի լավագույն մարզիկ։