Ո՞վ է ժառանգատուն, ո՞վ է ժառանգը, ովքե՞ր են հանդիսանում ժառանգներ՝ ըստ օրենքի

Ժառանգատու է համարվում այն քաղաքացին, որի մահվանից կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելուց հետո նրան պատկանող սեփականության նկատմամբ բացվել է ժառանգություն:

Ժառանգատու կարող է լինել յուրաքանչյուր ֆիզիկական անձ` անկախ տարիքից, գործունակ կամ անգործունակ լինելուց, քաղաքացիությունից, սեռից, ռասայից, սոցիալական ծագումից․ այս մասին մանրամասնում է Կադաստրի կոմիտեն։

ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է երկու կարգի ժառանգներ` ժառանգներ ըստ օրենքի և ժառանգներ ըստ կտակի:

Ժառանգն այն անձն է, որն ըստ օրենքի կամ ըստ կտակի իրավունք ունի բաժին ստանալու ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքից:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1190-րդ հոդվածի՝ ըստ օրենքի և ըստ կտակի ժառանգներ կարող են լինել ժառանգության բացման օրը կենդանի, ինչպես նաև ժառանգատուի կենդանության օրոք սաղմնավորված և ժառանգությունը բացվելուց հետո կենդանի ծնված քաղաքացիները:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի՝ առաջին հերթի ժառանգներ են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները,

#երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ, համահայր կամ համամայր եղբայրները և քույրերը ( ՀՀ քաղ. օր. 1217-րդ հոդված)։

Ժառանգությունը ընդունելու կամ ժառանգության վկայագիր ստանալու համար նոտարին դիմելը պետք է իրականացվի վեց ամսվա ընթացքում` հաշված ժառանգության բացման պահից:

Վեց ամիսն այն ժամկետն է, որի ընթացքում ժառանգությունն ընդունել ցանկացող ժառանգները պարտավոր են նոտարին հայտնել ժառանգությունն ընդունելու կամ ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու իրենց կամքը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի՝ ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով:

Տրված ժառանգության վկայագրի (իրավահաստատող փաստաթուղթ է) հիման վրա կատարվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել