Նոր փոփոխություններ՝ անձնագրերի և նույնականացման քարտերի հետ կապված

Oրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը` ներկայացնելով ««ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Այն քննարկվել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի նիստում:

«Նույնականացման քարտերի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչեւ 2023 թ. դեկտեմբերի 31-ը, իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի` մինչեւ ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագրի սահմանելը:

Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչեւ 2023 թ. փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը` 2023 թ. փետրվարի 15-ից: Առաջարկվել է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ նախագիծը ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում:

Քրիստինե Պողոսյանը նշել է, որ շուրջ երկու տարի առաջ հրատապ ռեժիմով քննարկված եւ ընդունված նույն օրենքը դարձյալ օրակարգում է: Նա հետաքրքրվել է, թե ինչու փաստացի չի կատարվել աշխատանքը:

Արա Ֆիդանյանը պատասխանել է, որ փաստացի ձախողում առկա չէ, ներդրվում է լիովին նոր` կենսաչափական համակարգ, որը հնարավորություն է տալու ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթ տրամադրել, այլ նաեւ այդ համակարգը կապել այլ` բանկային, հեռահաղորդակցման համակարգերի հետ: Նշվել է, որ մինչ այս պահը ժամկետների հետ կապված քննարկումներ են ընթանում, թե երբ կկարողանան համակարգը ռեալ ներդնել: Հիմնական զեկուցողի պարզաբանմամբ պատճառներից մեկն էլ մեծ թվով քաղաքացիության փաստաթղթավորման դիմումների ստացումն է: Դիցուք, 2020 թ. տրվել է 310.970 հին նմուշի անձնագիր, կենսաչափական անձնագիր եւ նույնականացման քարտ, իսկ 2022 թ.` 643.746` գրանցվել է կրկնակի աճ: Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստացել է 3.000, այս տարի` 15.000 քաղաքացի:

Հիմնական զեկուցողը նշել է, որ ներդրվել է հերթերի կառավարման համակարգը, Անձնագրերի եւ վիզաների վարչության երկու բաժնում գործում է առցանց հերթագրման համակարգ, եւս երկու բաժնում ներկա պահին փորձաշրջան է անցնում էլեկտրոնային գրանցման համակարգը, ինչը հնարավորություն է ընձեռում խուսափել հերթերից:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը պարզաբանել է, որ նախագծով առաջարկվել է ժամկետը երկարացնել եւս մեկ տարով. կհստակեցվի անձնագրի եւ նույնականացման քարտի տեխնիկական մոդելը, ինչը կպարունակի ամբողջական ինֆորմացիա անձի վերաբերյալ, ապա նոր կթողարկվի:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը նշել է, որ վերջին երկու տարիներին մեծ թվով բողոքներ են ստացվել անձնագրի, նույնականացման քարտի, վարորդական վկայականի բացակայության վերաբերյալ, ինչը ժամանակին ոչ ճիշտ պլանավորման հետեւանք է: Նրա գնահատմամբ այն լուրջ անհարմարություններ է ստեղծել բնակչության համար, եւ ընդունելի չէ հատկապես իրավական պետության մեջ: Հարակից զեկուցողի կարծիքով կարելի էր այնպես պլանավորել աշխատանքները, որպեսզի նման պակասուրդ չլիներ:

Արմեն Խաչատրյանի խոսքով` 2018 թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ էական փոփոխություններ էին իրականացվել տեսահսկման համակարգի միջոցով հայտնաբերված խախտումներով կայացված որոշումների վարչարարության մեջ: Ըստ հանձնաժողովի նախագահի տեղակալի` փոփոխությունը նրանում էր, որ նվազ նշանակության մի շարք խախտումներով տուգանքի որոշումներ չէին կայացվում. տրվում էր միայն նախազգուշացում: 2018 թ. մայիսի 23-ին Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ 10 խախտման համար այլեւս տուգանք չի լինի: Այդ որոշումից հետո բավականին թեթեւացել էր տուգանքների վարչարարությունը: Սակայն վերջին երկու տարիներին բողոքները շատացել են, առ այն, որ ամեն փոքր եւ նվազ նշանակություն ունեցող խախտումների համար տուգանքի մասին որոշումներ են կայացվում: Արմեն Խաչատրյանը խնդրել է հանձնաժողովին գրավոր պատասխանել` վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թ. հանձնարարականի կատարումն ինչ վիճակում է, եւ արդյո՞ք մայիսի 23-ի հայտարարության գործառույթն իրականացվում է:

Եզրափակիչ ելույթում Արա Ֆիդանյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ նույնականացման քարտեր տրամադրվում են: Անդրադառնալով 2018 թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությանը` նա նշել է, որ պարբերաբար նվազ իրավախախտումների համար փորձում են նախազգուշացման մեթոդը կիրառելի դարձնել:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել